Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդն առաջարկել է նախագահի պաշտոնի 7 թեկնածուներին պայմանագիր ստորագրել, որով պարտավորվում են աներկբա կերպով ընդունել հոկտեմբերի 7-ին կայանալիք հերթական նախագահական ընտրությունների արդյունքները:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, պայմանագիրը բաղկացած է երեք կետից. Նախ՝ աներկբա ընդունել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ գործել խիստ համապատասխան սահմանադրությանը և ընտրական գործընթացը կանոնակարգող օրենքներին, երրորդ՝ գործել խաղաղության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որպեսզի ընտրություններից հետո երկրում բռնի գործողություններ տեղի չունենան:
Ազգային ընտրական հանձնաժողովի այդ առաջարկին առաջինն արձագանքել է գործող նախագահ Ուգո Չավեսը, որն այդ պաշտոնում արդեն երրորդ անգամ է առաջադրվում: Իր նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է արդեն այսօր նման պայմանագիր ստորագրել:
Եթե պայմանագրի բովանդակության հետ համաձայնեն նաև մյուս թեկնածուները, ապա այն կարող է ստորագրվել հուլիսի 17-ին:








































