2011 թ. փետրվարի 2-ին Կահիրեի Թահրիր հրապարակում զոհվածների գործով դատավարությանը սկսում են հանդես գալ մեղադրյալների փաստաբանները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական հեռուստաընկերությանը:
Դատապարտյալի աթոռին Եգիպտոսի իշխող վարչակարգի 24 ներկայացուցիչ են, այդ թվում՝ խորհրդարանի նախկին խոսնակներ Ֆաթհի Սուրուրը և Սաֆուաթ Ալ-Շարիֆը: Դատավարությունը շարունակվում է արդեն 10 ամիս:
Մեղադրանքը բաղկացած է մի քանի կետից, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների սպանություն և ահաբեկչություն: Խոսքը 2011 թ. փետրվարի 2-ին Թահրիր հրապարկում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ ձիերով և ուղտերով տասնյակ հեծյալներ փորձեցին ցրել Մուբարաքի վարչակարգի հակառակորդներին:
Հետաքննության տվյալներով՝ հարձակումը կազմակերպվել է այդ ժամանակ իշխող Ազգային դեմոկրատական կուսակցության կողմից: Մեղադյալները կտրականապես հերքում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: Այդ օրվա իրադարձությունների հետևանքով տուժել է շուրջ 1000 մարդ:
Դատախազությունը նրանց համար պահանջում է առավելագույն պատիժ՝ սպանություն և ահաբեկչություն հոդվածներով:
Տուժածների փաստաբանները պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել նաև «Մուսուլման եղբայրների» մի քանի ղեկավարների, մասնավորապես՝ Մուհամմադ Ալ-Բալտաղիին, Ուսամա Յասինին և Գամալ Աբդել Հադիին, քանի որ վկաների հարցաքննությունների ժամանակ պարզվել է, որ նրանք էլ մասնակից են ցուցարարների սպանություններին:








































