ՀԱԿ խմբակցությունն հանդես է եկել հուլիսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ:
ՀԱԿ խմբակցության հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք և ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,
Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ և համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,
Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության և պատասխանատվության հարցը,
Հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք և թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա,
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները, որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:







































