ԼՂՀ նախագահի նախընտրական քարոզարշավի համեմատաբար հանգիստ շրջանը այս օրերին, կարծես թե, թևակոխում է նոր փուլ, որը երևի թե կարելի է անվանել որպես «դրսից տղա կանչելու» փուլ: Սակայն պահի առանձնահատկությունը հենց այն է, որ ընտրական տեխնոլոգիաների նման հնարքին դիմել է այս ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի թիմը:
Այս փաստը առավել քան հատկանշական է, քանի որ ընտրարշավի գրեթե ամբողջ ընթացքում թե՛ անձամբ թեկնածուն և թե՛ առանձնապես նրան սատարող և շրջապատող թիմի ներկայացուցիչները իրենց հայտարարություններում և հարցազրույցներում մշտապես կոչ էին անում զերծ պահել ընտրական գործընթացները, այսպես կոչված, արտաքին միջամտություններից: Ասենք` ինչո՞վ կարելի է բացատրել Վիտալի Բալասանյանի թիմի թեկուզ վերջին գործողությունները: Մի կողմից` նրանք կազմակերպում են մի քանի տասնյակ ազատամարտիկների բողոքի բաց նամակի հղումը մեկ այլ հայկական պետության ղեկավար՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ փաստացի դժգոհում են իրենց սեփական երկրի նախագահ Բակո Սահակյանի գործունեությունից՝ միաժամանակ ՀՀ ղեկավարին փաստացի մեղադրելով ԼՂՀ-ում բոլոր գործընթացների վրա ներազդելու մեջ: Միևնույն ժամանակ, Վ. Բալասանյանի նույն թիմակիցները ձեռնարկում են «դրսից տղա բերելու» բացահայտ մեկ այլ ակցիա՝ հայաստանյան գիտական կոչում ունեցող որոշ մարդկանց համոզելով ստորագրել մի այլ բաց նամակի ներքո, համաձայն որի` իրենք աջակցում են ընդդիմադիր թեկնածու Վ. Բալասանյանին՝ այլ հայկական երկրի նախագահական ընտրություններում:
Այս պայմաններում նույնիսկ ավելորդ է նշել, թե հատկապես հայաստանյան որ մեդիա ռեսուրսներն են ներգրավված արցախյան ընդդիմության կողմից իրենց թեկնածուի քարոզչության իրականացման մեջ: Դրանք, ինչպես 2007թ. ընտրությունների ընթացքում, օտարերկրյա գրանտային ծրագրերով գոյատևող մեդիա ռեսուրսներն են, վերլուծական կենտրոնները և այլ նմանատիպ հայտնի կառույցները: Ինչ խոսք, երկու հայկական պետությունների՝ մասնավորապես քաղաքական գործընթացների վրա ներազդեցության առկայությունը բավականին բնականոն երևույթ է: Բայց, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, այս թեման բավականին նուրբ է և երբեմն վտանգավոր աստիճանի շահարկվող: Այդ իսկ պատճառով քաղաքական գործընթացների բոլոր կողմերը հաշվի առնելով` այս նրբերանգները պետք է զերծ մնան զուտ այժմյան շահից բխող, բայց մեր ընդհանուր գործին հարվածող գործողություններից:
Ցավոք, այս պարզ ճշմարտությունը ԼՂՀ-ում ոչ բոլորին է առայժմ հասանելի և առաջին հերթին` որոշ ընդդիմադիր շրջանակների: Չէ՞ որ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում Հայաստանում կգտնվեն ավելի շատ հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններ, անհատներ, ովքեր կցանկանան իրենց բացահայտ աջակցությունը հայտնել նաև ԼՂՀ նախագահական ընտրարշավի այլ մասնակիցների և առաջին հերթին` Բակո Սահակյանին: Առավել ևս, որ վերջինիս հաղթանակն առաջիկա ընտրություններում հազիվ թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի:








































