«Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նամակ էր ուղարկել կառավարություն՝ ՀԱԿ անդամ Ժողովրդավարական հայրենիք կուսակցությանն իր կենտրոնական գրասենյակից հանելու որոշման վերաբերյալ:
Թերթը տեղեկացել է, որ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը պատասխանել է՝ ԺՀԿ-ին կենտրոնական գրասենյակի համար տարածք առաջարկելով Գառնիում կամ Արմավիրում:
Թերթի հետ զրույցում ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, դա որակել է Տիգրան Սարգսյանի կառավարության ցինիզմի բարձրագույն աստիճանի վկայություն. «Քանի որ կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ միայն խոչընդոտներ է հարուցում մեր քաղաքացիների համար, խնդիրներ ստեղծում, ես էլ առաջարկում եմ կառավարությանը տեղափոխել մարզ, ասենք՝ Կապան, Լիսկայի տրամադրության տակ»:
Մակեյանի խոսքերով՝ ԺՀԿ-ն ևս խորհրդարանական կուսակցություն է, քանի որ մաս է կազմում ՀԱԿ-ին, ուստի իրենք ևս պետական հոգածությունից պետք է օգտվեն:











































