2011-ի մարտին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը շահագործող օպերատոր TEPCO ընկերությունը երկրի կառավարությանը 1 տրիլիոն իեն (12,5 մլրդ դոլար) կվճարի ` Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ռադիոակտիվ հողերի վարակազերծման աշխատանքների համար: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը` հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին: Սկզբում ծրագրվում էր, որ այդ աշխատանքների համար նախատեսված բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը:
Մինչև 2015 թվականը Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է 237,5 միլիարդ դոլար ծախսել ատոմակայանի վթարից հետո ռադիոակտիվ մասնիկներով վարակված հողերի մաքրման աշխատանքների վրա: Եվ այն մեկ տրիլիոն իենը, որն առանձնացնում է TEPCO ընկերությունը, կծախսվի վարակազերծման վրա: Հողերի վարակազերծման աշխատանքները կիրականացվեն այս տարի:
TEPCO-ն դեռևս 2,5 տրիլիոն իեն (31,5 միլիարդ դոլար) կծախսի`ատոմակայանի վթարի հետևանքով տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար: Ծանր ֆինանսական դրության մեջ հայտնած ընկերությունը մտադիր է իր կորուստները ծածկել հետագայում էլեկտրաէներգիայի գների բարձրացմամբ: Բարձր գները կազդեն ոչ միայն արդյունաբերական ձեռնարկությունների և խոշոր ընկերությունների, այլև հասարակ բնակչության վրա, ինչը ճապոնացիներին ամենևին դուր չի գա:









































