Shana գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը նավթի արդյունահանման ոլորտում հայրենական մի շարք նախագծերի ֆինանսավորման համար բացել է 10 միլիարդ դոլարանոց վարկային գիծ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Մոհսեն Խոժաստեհեն-Մեհրը:
Վերջինիս խոսքերով՝ առաջնահերթ նախագծերի ցանկը մոտ ժամանակներս ներկայացվելու է Կենտրոնական բանկին: Հուլիսի 2-ին Իրանի նավթարդյունաբերության նախարարությունն ու Ազգային զարգացման հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ հիմնադրամն իր ակտիվներից 14 միլիարդ դոլար էր հատկացնելու նավթային ոլորտին:
Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմիի խոսքերով՝ այդ գումարի 70 տոկոսից ավելին ծախսվելու է նավթահանքերի ու գազահանքերի մշակման, ինչպես նաև նավթարդյունաբերության ոլորտի ընդլայնման վրա: Ղասեմին հավելել էր, որ մնացյալ մասը հատկացվելու է նավթավերամշակման արդյունաբերությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել դեռևս հունվարի 23-ին իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը:









































