Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2011թ.-ի նախարարության գերակայությունները:
Դրանցից առաջինը վերաբերում է սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտմանը: Այս տեսակետից, ըստ նախարարի, կառավարությունը ձեռնամուխ է եղել կայուն զարգացման ծրագրի վերանայմանը:
Երկրորդ գերակայությունը վերաբերում է համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվել» (doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավմանը: Երրորդ գերակայությունը վերաբերում է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորմանը և մեկնարկին, իսկ վերջին գերակայությունը ազգային ենթակառուցվածքի բարեփոխումների մեկնարկի մասին է:











































