ՀՀ կառավարության ծրագիրն արդեն հայտնի է, հայտնի են տարբեր ոլորտներում կառավարության նախատեսած փոփոխությունները: Դրանցից մեկն արդեն հարուցել է բնապահպանների մտահոգությունները: ՀՀ կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությունը 2012-2017թթ. ընթացքում նախատեսում է ձկնարտադրության ծավալներն ավելացնել երեք անգամ:
«Էկոլուր» հասարակական դաշինքի ղեկավար Ինգա Զառաֆյանը նկատեց, եթե երեք անգամ ավելացնում են ձկնարտադրությունը, տրամաբանորեն պետք է երեք անգամ ավելանա այդ արտադրությանը տրամադրվող ջուրը: Սակայն բնապահպան Ինգա Զառաֆյանին անհանգստացնում է, թե ինչ տեխնոլոգիայով է այդ ջուրն ավելանալու: Ըստ նրա՝ եթե ձուկ ես բազմացնում, ջուր է անհրաժեշտ, անհրաժեշտ է նաև ավելացնել ջրի քանակը ավելացվող արտադրանքի դեպքում:
« Ինչի՞ հաշվին են ավելացնելու ձկնարտադրանքը, բացի Սևանից՝ այնտեղ ուրիշ ջուր չկա: Արդեն իսկ նախանցյալ տարի՝ 2010 թվականի տրված լիցենզիաներով ջուրը ձկնաբուծարանների համար արդեն գերազանցում է ամբողջ Արարատյան դաշտավայրի արտեզյան բոլոր ջրերի ծավալը: Այսինքն՝ նման դեպքերում ավելորդ ջուր պետք է օգտագործեն, իսկ ինչի՞ հաշվին: Իհարկե, Սևանի հաշվին: Այսինքն՝ այս Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու օրիանգծով լուծում ենք զուտ բիզնես խնդիրները: Սրանով մենք ապացույցներ ենք ստանում այս մասին կառավարության որոշման տեսքով: Արդեն իսկ օրենքն անցել է առաջին ընթերցում, սակայն ոռոգման նպատակով ջուր թողնելու նպատակով բացված ջրանցքով մայիսից ջուր է թողնվել, այն դեպքում, երբ այդ օրենքը դեռ ընդունված չէ»,- մեկնաբանեց Ինգա Զառաֆյանը՝ հավելելով, որ ջրանցքից ջուր թողնելու գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ի նիստում «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն:
Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Օրինագիծը ԱԺ նոր գումարման խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է հունիսի 22-ի նիստում: Մինչ օրինագծի ընդունումը բուռն քննարկումներ էին ընթացել, ԱԺ ընդդիմադիր ուժերը ներկայացնող մի շարք պատգամավորներ իրենց մտահոգությունն էին հայտնել օրինագծի վերաբերյալ, սակայն ապարդյուն: Օրինագծին կողմ էին քվեարկել 93, դեմ՝ 12 պատգամավորներ, ձեռնպահ քվեարկող պատգամավոր չէր եղել:









































