Բուլղարիան պաշտոնապես ճանաչել է «չեզոք փաստաթղթերը», որոնք Վրաստանի իշխանությունները թողարկում են Աբխազիայի և հարավային Օսիայի բնակիչների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն բուլղարացի իր գործընկերոջ հետ հանդիպման ավարտից հետո:
«Սա շատ կարևոր նորություն է, և ես համոզված եմ, որ փաստաթղթի ճանաչման գործընթացը կշարունակվի»,- ասել է Վաշաձեն: Նա հայտարարել է, որ «չեզոք անձնագրերի» ճանաչման մասին բանակցություններ տարվում են նաև այլ երկրների հետ:
Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը հայտարարել է, որ արտասահմանում ճանաչում ձեռք բերած այս փաստաթղթերը կնպաստեն Վրաստանի ավելի լավ վերաինտեգրմանը:
Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել են Վրաստանից առանձնանալու մասին 1990-ական թվականներին: Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար այլընտրանքային փաստաթղթերի մասին օրենքը վրացական իշխանությունները ընդունել են 2011թ.: Պաշտոնական ձևակերպման համաձայն` չեզոք անձնանգրերը գործելու են մինչ այս շրջանների վրա կրկին կհաստատվի վրացական իրավասությունը:
Չեզոք փաստաթղթերը վերոնշյալ շրջանների բնակիչներին հնարավորություն են տալիս ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով և օգտվել սոցիալական նպաստներից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հլիարի Քլինթոնը հայտարարել է, որ չեզոք անձնագրերով հնարավոր կլինի մեկնել ԱՄՆ` ուսում ստանալու կամ զբոսաշրջության նպատակներով:







































