Լիբանանի իսլամիստական «Հըզբոլլահ» շարժումը 3 մարդ է ձերբակալել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Կասկածյալները ձերբակալվել են Բեյրութի հարավային արվարձանում 2012 թ. հունիսին: 2012 թ. հուլիսի 9-ին միայն այդ մասին գրել է լիբանանյան «Ալ-Նահար» թերթը:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, ձերբակալվածները եղել են «Հըզբոլլահի» անդամներ և տեղեկատվություն են փոխանցել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանն ու Իսրայելի «Մոսադին»: Սակայն «Ալ-Նահարի» տվյալներով՝ կասկածյալները չեն եղել «Հըզբոլլահի» անդամ, այլ միայն կապ են պահպանել նրա զինյալների հետ:
Թերթի հաղորդմամբ, լրտեսական ցանցի ամենավտանգավոր անդամը պետք է հետևեր «Հըզբոլլահի» ներկայացուցիչներին և նրանց հանձներ արևմտյան հետախուզությանը: Մյուս երկու անդամների դերի մասին չի հաղորդվում:
Դեռ 2011 թ. հունիսին շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր, որ իր զինյալները հայտնաբերել են ԿՀՎ 2 լրտեսի, որոնք ներթափանցել են «Հըզբոլլահի» շարքեր:
2012 թ. հուլիսի 18-ին Նասրալլահը պատրաստվում է ելույթով հանդես գալ՝ ի հիշատակ 2006 թ. Լիբանանի և Իսրայելի միջև պատերազմի 6-ամյակի: Իր ելույթում նա նախատեսում է խոսել նաև Բեյրութի լրտեսական ցանցի մասին:









































