«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելն անօրինական համարող օրենք ընդունի: Սակայն այսպիսի շարժումը, որը Ֆրանսիան արդեն փորձել է, շատ վատ կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, որը Գերմանիայի առանցքային առևտրական գործընկերն է։
Այս մասին էր «Առաջին լրատվական»-ի զրույցը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ․
«Ընդհանրապես Եվրոպայում թուրքական համայնքները գնալով ավելի մեծ կշիռ են ձեռք բերում, և դա զգալի է հատկապես Գերմանիայում, որտեղ նրանց թիվը արդեն մի քանի միլիոնի է հասնում, որոնք արդեն ունեն որոշակի ներկայություն տարբեր ոլորտներում։ Կարծում եմ, որ ցանկացած գերմանական իշխանություն չի կարող հաշվի չնստել այդ հանգամանքի հետ, և հաշվի առնելով նաև Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարող ենք ասել, որ մոտ ապագայում Գերմանիայում նման հարցի քննարկումը կամ մուտքը քաղաքական դաշտ այնքան էլ հավանական չէ։
Բայց, մյուս կողմից, նաև նկատենք, որ այդ հարցի արծարծումը կարող է գերմանական իշխանությունների համար հանդիսանալ որոշակի զսպաշապիկ՝ օրեցօր ավելի ակտիվացող թուրքական համայնքի դեմ գործողությունների համատեքստում։ Այսինքն՝ ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը գուցե լինի օրակարգում և օգտագործվի թուրքական համայնքի դեմ քարոզչական և այլ նպատականերով»։











































