Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների` տարեցտարի աճող քանակը նորանոր խնդիրներ է առաջադրում պատասխանատու կառույցներին, որոնց պատշաճ լուծումը ՊԵԿ-ը առաջնահերթություն է որակել: Ըստ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը: «Կոմիտեի նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվել նաև մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձևակերպումներն, այլև ավտոմեքենան հաշվառման կանգնեցնել մաքսատանը տեղակայված պետավտոտեսչության մասնաճյուղում, որն ի դեպ, կբացվի օրերս: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով: Արդյունքում` ամբողջ գործընթացը` մաքսազերծումից մինչև ավտոմեքենայի հաշվառում և կտրոնի տրամադրում, կտևի ընդամենը 1 ժամ: Ի դեպ, գործընթացն իրականացվում է ոստիկանության հետ համատեղ»,-նշել է ավտոմաքսատան պետը:
Ժամանակակից որակյալ սպասարկում ապահովելու և ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացն արագ և արդյունավետ իրականացնելու համար, շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց, զգալի աշխատանք է տարվել փաստաթղթշրջանառության կրճատման և պարզեցման ուղղությամբ: Բաբկեն Ղազարյանի խոսքերով, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձևակերպման ժամանակ մեքենայի գույնի ու երանգի որոշման հնացած ընթացակարգը վերանայման կարիք ունի. ավտոմեքենայի մաքսազերծման հետ ուղիղ կապ չունենալով` այն բավականին ձգձգում էր ամբողջ պրոցեսն ու չարաշահումների, տարաբնույթ խոսակցությունների առիթ տալիս: Նշենք, որ ոստիկանն այժմ ընդամենը ստուգում է WIN կոդը: Այս տարվանից չի հաշվվում նաև մեքենայի ձիաուժը: Ըստ մաքսատան պետի, ևս մեկ ավելորդ գործառույթ է հանվել ձևակերպման գործընթացից. նախկինում մաքսազերծվող մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը համակարգիչ մուտք անելուց հետո, մաքսավորը պարտադիր ձեռագիր լրացնում էր այն և որպես ժամանակավոր տեխանձնագիր տրամադրում մեքենայի տիրոջը: Փոխարենն այժմ միանագամից 4 հայտարարագիր է լրացվում, մեկը` հաճախորդի համար:
«Առաջին լրատվական»-ին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հերթեր էին գոյանում նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող` արդարադատության նախարարության փորձագետի սենյակի առջև. մեկ հոգու աշխատանքն այժմ հավասարաչափ բաշխվել է երեք աշխատողների միջև` 3 անգամ կրճատելով ժամանակը: Կրկնակի կրճատվել են պարամետրերը` այսպես կոչված օպցիաները, որոնց թիվը հասցվել է 4-ի: Հաջորդ քայլով ընդլայնվել է բրոքերային ծառայությունը` 4 հոգու փոխարեն այժմ 8 բրոքեր է աշխատում` պատրաստ առանց հերթերի սպասարկելու օրական շուրջ 350 այցելուի: «Այդ վերանայումների արդյունքում 2 ամսվա ընթացքում հաջողվեց ձևակերպումների գործընթացը 5 ժամից հասցնել 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:
ՀՀ քաղաքացիներին, թույլատրվում է տարին մեկ անգամ 15 օրով ժամանակավոր ռեժիմից օգտվել և 15 օր անց նրանք արդեն կամովին են ավտոմեքենան մաքսազերծման բերում: Գործելակերպի փոփոխությունն արտահայտվել է նաև մաքսատան կողմից ապահովված եկամուտներում: Մաքսատան պետի հավաստմամբ, տարվա ընթացքում մաքսատանը հաջողվել է տպավորիչ մուտքեր ապահովել. «Եթե 2011-ի հունվար-հունիս ամիսներին ներկրվել է շուրջ 14 հազար ավտոմեքենա, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը զգալի աճել է` ներկրվել է 15,155 մեքենա»:








































