Սաուդյան արքայադուստր Սարա բինթ Տալալ բին Աբդել Ազիզը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, Մեծ Բրիտանիայում ապրող 38-ամյա արքայադստեր կարծիքով՝ հայրենիքում իր կյանքը կարող է վտանգի ենթարկվել: Սարա բինթ Տալալ բին Աբդել Ազիզը չի թաքցնում, որ քաղաքական ապաստան է խնդրում թագավորական ընտանիքի ներսում սրված հարաբերությունների պատճառով: Արքայադուստրը հայտարարում է, որ իրեն վիրավորել են սաուդյան իշխանությունները, իսկ իր հաշիվները սառեցվել են:
Սաուդյան արքայադուստրը Մեծ Բրիտանիայում ապրում է 2007-ից, այն բանից հետո, երբ վիճեց հոր՝ Տալալ բին Աբդել Ազիզի հետ: Վեճի պատճառը չի հաղորդվում: Ենթադրվում է, որ արքայադուստրն աջակցել է նրա մրցակցին՝ գահաժառանգ արքայազն Նաիֆ բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդին: 2012թ. հունիսի վերջին նա մահացավ, իսկ արքայադուստրը դրանից հետո մնաց առանց ազդեցիկ հովանավորի:
Արքայադուստրն այս պահին նաև դատական գործընթացների մեջ է իր եղբոր հետ՝ հանգուցյալ մոր կտակի շուրջ, որը 325 մլն ֆունտ ստեռլինգի վերաբերյալ է: Սաուդյան իշխանությունները նրան խնդրում են վերադառնալ և իր իրավունքները պաշտպանել հայրենիքում: Արքայադստեր կարծիքով՝ սաուդյան իշխանություններն արդեն պատրաստել են իրեն առևանգելու ծրագիր:
Արքայադուստրը և նրա փաստաբանները հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել են քաղաքական ապաստան խնդրելու մտադրության մասին: Այժմ նախարարությունում պետք է հաստատվի՝ արքայադուստր Սարայի հայտարարպությունը համապաստախանո՞ւմ է արդյոք իրականությանը:
Սարա բինթ Տալալ բին Աբդել Ազիզին հնարավոր է` արտաքսեն Մեծ Բրիտանիայից, երբ ավարտվի նրա այցագրի ժամկետը: 2 տարի առաջ լրացել է նրա սաուդյան անձնագրի ժամկետը, իսկ Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հրաժարվում է նրան նորը տրամադրել:
Այս պահին Սարան ու նրա 4 երեխաները մի քանի սենյակ են վարձակալում Լոնդոնի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: Արքայադստեր եկամտի աղբյուրը հայտնի չէ:









































