Լիբիայում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 60 տոկոսը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երկրի ԿԸՀ հայտարարությանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրի Ալ-Աբարի խոսքով` ընտրատեղամասերից արդյունքների ընդունումը դեռևս շարունակվում է, սակայն արդեն կարելի է ասել, որ քվեարկությանը մասնակցել է 1,6 միլիոնից ոչ պակաս ընտրող, այսինքն` ընտրողների 60 տոկոսը:
Լարված իրավիճակում իրենց աշխատանքը այդպես էլ չեն կարողացել սկսել 1554 ընտրատեղամասերից 24-ը: Եվս 100-ը անվտանգության ապահովման խնդիրների պատճառով ճիշտ ժամանակին չեն բացվել, սակայն նման ընտրատեղամասերում քվեարկության ժամը երկարաձգվել է:
Հուլիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները առաջինն էին Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո: Լիբիայի խորհրդարանում` Համընդհանուր ազգային կոնգրեսում, կընտրվի 200 պատգամավոր, որից 120-ը` մեծամասնական, իսկ 80-ը` համամասնական ցուցակներով: Պատգամավորական մանդատների համար առաջադրվել էր ավելի քան 3500 մարդ:
Քվեարկության նախնական արդյունքները Լիբիայի ԿԸՀ-ն կհրապարակի երկուշաբթի կամ երեքշաբթի`հուլիսի 9-10-ը:









































