«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի Էլլա Տարունցը
– Էլլա, վերջին շրջանում Ձեզ ավելի քիչ կարող ենք տեսնել հեռուստաեթերում, համերգներին և առհասարակ նոր տեսահոլովակ նկարելիս: Ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին Ձեր լռությունը:
– Նախևառաջ մի քանի ամիս առաջ եմ նոր տեսահոլովակ թողարկել, երկրորդ՝ համերգներին ես առանձնահատուկ ակտիվություն երբևէ չեմ ցուցաբերել, ոչ թե որովհետև չեմ ուզել, պարզապես հրավերներն այդքան շատ չեն լինում, և ես չեմ էլ հետաքրքրվում`ինչու: Մի ժամանակ կարող է հետաքրքրվեի, հիմա շատ բաների ավելի հանգիստ եմ վերաբերվում:
– Ինչո՞վ եք պայմանավորում, երբ մի քանի երգչի միշտ տեսնում ենք համերգներին, իսկ երգիչների մի հատվածի էլ ընդհանրապես չենք տեսնում:
– Ինձ թվում է`երգացանկի ոչ պարային լինելն է պատճառը: Նախկինում մտածում էի դա է պատճառը, որ իմ երգերը մի քիչ ավելի ինտիմ լսողի համար են: Հետո արդեն էլ չխորացա`ինչու:
– 6/8 չե՞ք երգում:
– Եթե ուզում եմ, երգում եմ:
– Էլլա, Դուք վերջին տարիներին հասարակական-քաղաքացիական առումով փոփոխություն նկատո՞ւմ եք: Շատերն ասում են, որ սա այլևս հարմարվող հասարակություն չէ, այլ պայքարող, պահանջատեր: Տարիներ առաջ Դուք էլ զբաղվել եք լրագրությամբ, համեմատելով`ի՞նչ փոփոխություն եք տեսնում այս առումով:
– Նախևառաջ` ես առաջին հերթին քաղաքացի եմ և մարդ, հետո նոր արդեն որևէ մասնագետ` երգիչ, թե լրագրող: Ես ավելի շատ մարդ եմ և ավելի շատ շփման մարդ եմ, և յուրաքանչյուր իրադարձություն`լավ թե վատ, քանի որ ես շատ էմոցիոնալ եմ, կարող են հոգիս, սիրտս շարժել, տրամադրությունս փոխել: Հետևաբար` դրա համար եմ կոչվում ստեղծագործող: Մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ յուրաքանչյուր իրադարձություն ինձ կարող է տխրեցնել և ուրախացնել, ես ավելի շատ քաղաքացի եմ, քան ինչ-որ մասնագետ:
– Իսկ, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության ձևավորման առումով փոփոխություններ նկատո՞ւմ եք` չհամակերպվելու, պայքարելու առումով:
– Ինձ թվում է`ժամանակաշրջանն ու տարիները նշանակություն չունեն փոփոխության հետ: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, եթե մարդկանց ինչ-որ տոկոս բարի է, ինչ-որ տոկոս` անտարբեր, ինչ-որ տոկոս` չար: Ինչ փոփոխություն, եթե այդ բարի մարդիկ չեն նպաստում, իրենց շուրջը չեն հավաքում մարդկանց, չեն բացատրում, որ մարդը պետք է վատ բան չանի, կամ եթե մարդը ընդունակ է վատ բան անելու կամ հաճույք է ստանում վատ բան անելուց, շատ ներողություն, իր համար կայֆ է, որ վատ բան է անում, իսկ մյուսները կամ լռում են, կամ գնում են վատի հետևից, մտածում են ճիշտ է, այդ ամենը լավ է:
– Դուք չե՞ք տեսնում բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք պայքարում էին Մաշտոցի պուրակում, հիմա «Փակ շուկայի» շուրջ, Ջերմուկի հանքի դեմ: Հստակ պահանջներ են ձևակերպվում:
– Երևանցին կամ հայը պայքարում է որ ի՞նչ, մարդը պետք է պայքարի ոչ թե ինչ-որ մեկի արածի դեմ, այլ մարդը պետք է ինքը բան անի: Նույն պայքարողը եթե պայքարում է ինչ-որ բանի դեմ, ինքը առաջին հերթին պետք է թուղթը չգցի: Եթե գետնին բան է տեսնում գցած, պետք է վերցնի, դա է պայքարելը: Թե չէ ինչ-որ մեկը սկսեց մի բան սարքել, հետո մյուսները սկսեցին հիստերիկ աղմուկ հանել, դա պայքար չէ: Ես շատ ուրախ եմ, որ ուզում են էսթետիկ քաղաքի տեսք ունենան, բայց այդ պայքարողը պետք է ինքը վերցնի այդ աղբը գետնից, մեքենայից, պատշգամբից:
– Արդյոք չէի՞ք նկատում, որ նրանք նաև մաքրում էին շրջակայքը:
– Կներեք, ես մի բան ասեմ: Ինձ երևի այդ «պայքար» բառը դուր չի գալիս այս զրույցի մեջ, ո՞ւմ դեմ են իրենք պայքարում, իրենք իրենց քաղաքը սիրելու համար պայքարո՞ւմ են:
– Պայքարում են իշխանության սխալ որոշումների դեմ:
– Իշխանությունը պետք է գա իրենց տան դեմի աղբը վերցնի՞:
– Իշխանությունը բուտիկներ էր տեղադրել, իրենք էլ պայքարեցին Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման համար: Արդյոք ծանոթ էի՞ք Մաշտոցի պուրակի խնդրին:
– Չէ, ես չեմ հետաքրքրվում, ես ավելի համամարդակային պայքարների և արժեքների կողմնակիցն եմ, պայքարում են թշնամու դեմ, ոչ թե պայքարում են իրենց քաղաքը մաքրելու համար, մարդիկ սիրում են իրենց տունը, քաղաքը, կողակցին, ընկերոջը, հարևանին, մարդկանց: Դրա համար պետք չէ պայքարել, դրա համար պետք է սիրել: Իսկ «պայքար» բառը միայն թշնամու դեմ, սահմանի վրա եմ ընդունում:
– Էլլա, սակայն զինվորը բանակում ոչ միայն թշնամու գնդակից է զոհվում, այլ նաև զինծառայող ընկերոջ գնդակից սպանվում:
– Հենց դա չսիրելն է, մարդիկ կան, որ սիրում են կյանքը, հարգում են իրար, մարդիկ էլ կան` չեն սիրում, չար մարդիկ են, չեն սիրում իրար, չեն սիրում կյանքը:
– Անգամ եթե «պայքար» բառի մեջ վատ բան եք տեսնում, արդյոք խնդիրների վերհանման, բարձրացման մե՞ջ էլ եք տեսնում խնդիր:
– Ինձ թվում է`յուրաքանչյուր մարդ տեսնում է ինչ է կատարվում և այդ տեսնելուց բացի` ոչ թե պետք է պահանջի, այլ ինքը պետք է ունենա իր մինիմալ լուման: Երբ մեզնից յուրաքանչյուրը իր լուման ներդնի իր ուզածի համար, դա քաղաքի գեղեցկության մասին է, հիվանդի նկատմամբ բժիշկների անկեղծ վերաբերմունքի, մանկավարժի հստակ դաստիրակություն տալու աշակերտին, ամեն մեկը պետք է ներդնի իր մինիմալ լուման, այս ամեն ինչի մասին խոսելը կլինի անմիաստ, մանկավարժը պետք է սիրի իր աշակերտին, կառավարությունը պետք է սիրի իր ժողովրդին, ժողովուրդն էլ պետք հասկանա, որ եթե չսիրի կառավարությանը, այդ ագրեսիան չի հաղթահարվի, պետք է ընդամենը սիրեն Աստծուն, մեծամտությունը, ագրեսիան վերանան: Սա ազգային խնդիր չէ, սա զուտ մարդ լինելու խնդիր է:
– Էլլա, ստացվում է` սիրո պակասի՞ց է, որ վերևներում չեն աշխատում, դեռ շատ խնդիրներ կան:
– Եթե ավելի անկեղծ լինեմ, ես չգիտեմ` մենք փոփոխությունների ինչ հնարավորություններ ունենք, ինքս չեմ հետաքրքրվում, ընդամենը տեսնում եմ տեսողականով` ինչ է լինում, ինչ չի լինում: Ես չգիտեմ` սա մեր մաքսիմա՞լ հնարավորություններն են, արդյոք ավելի՞ն է հնարավոր և չի արվում: Ես սրանք չգիտեմ, դրա համար չեմ ուզում պատասխանատու հայտարարություններ անել:
– Իսկ արտագաղթը որքանո՞վ է անհանգստացնում, որ մոտ հինգ հարյուր մարդ ամեն օր գնում է երկրից:
– Արտագաղթն ինձ համար հիվանդություն է, ես սարսափում եմ դրանից, դա ինձ շատ է ցավեցնում: Երբ ես ուրիշ երկրներում եմ լինում (իսկ դա շատ հաճախ է լինում), և իմ բոլոր հիվանդությունները, էմոցիաները վերաբերում են դրան, սիրտս մղկտում է, որ իմ ազգի մադրիկ չեն ապրում իրենց երկրում, իմ ընտանիքն էլ այստեղ չէ, և ամեն անգամ երբ գնում-հետ եմ վերադառնում, մի քանի ամիս անկողնային պառկում եմ:
– Ցանկություն առաջանո՞ւմ է տեղափոխվելու: Համբերության բաժակը արդյոք լցվո՞ւմ է:
– Ցանկություն իհարկե առաջանում է:
– Ինչո՞վ եք պայմանավորում արտագաղթը:
– Մարդիկ ուղղակի հանապազօրյա հացի խնդիր ունեն, մի խավ կա, որ գնում է կթրվելու, բարձր գումարներ են առաջարկում, մնում են: Հիմնականում սոցիալական խնդիրներով եմ պայմանավորում արտագաղթը:
– Վերջին տարիների արտագաղթը շատերը պայմանավորում են ոտնահարված արժանապատվությամբ, մարդու ոտնահարված իրավունքներով և այլն:
– Քանի որ ես շատ լավ ծանոթ եմ ուրիշ երկրներում մարդկանց վերավերմունքին, եթե ինքնասիրության ոտնահարման մասին են մտածում այդ մարդիկ, հաստատ համաձայն չեմ, որովհետև ոչ մի երկրում հաստատ առաջին կարգավիճակում չես: Այնտեղ դու ստանում ես մինիմալ գումար` ուղղակի գոյատևելու համար: Այնքան օրենքներ կան այնտեղ, և այնքան հստակ են գործածվում այդ օրենքները, այնքան շատ ես բախվում ինքնասիրության ոտնահարման հետ, դրա համար չեմ կարծում, որ այստեղ շատ բաներ են վիրավորական, քան այնտեղ: Էգոիզմը չեմ կարողանում հասկանալ:
– Էլլա, ընտրությունները Ձեզ հետաքրքրո՞ւմ են: Արդյոք ընտրությունները մեր երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հնարավորությո՞ւն են:
– Իմ երկրում յուրաքանչյուր մարդ, որտեղ ծնվում է, յուրաքանչյուր ընտրություն պետք է վերածի տոնի: Դու դա պետք է տոնի վերածես, որովհետև դու երկրի համար ղեկավար ես ընտրում:
– Իսկ մեզ մոտ դիտարկվում է որպես ընտրակաշառք վերցնելու հնարավորություն:
– Ճիշտն ասած, ինձ երբեք կաշառք չեն առաջարկել, որովհետև երևի մտածում են շատ լավ եմ ապրում, թող չվեցնեն, վերցնում են, մարդիկ էլ տալիս են:
– Ինչպե՞ս անել, որ ընտրությունը տոնի վերածվի:
– Սա ավելի ինտելեկտի խնդիր է: Գողին ավելի քիչ դատ է հասնում, քան գողից գնողին, այսինքն` դու դրդում ես նրան, դրա համար գողանում է, դու պահանջարկ տվողն ես, ինքն էլ հնարավորություն ունի և գիտի ինչ ձևով հասնել դրան: Եթե մարդը պետք է սովից մեռնի երկու շաբաթից, այդ երկու օրն էլ թող չուտի: Ի վերջո, կաշառքը մաքսիում երկու օրվա համար է, ուրեմն եթե սովից են մեռնելու, թող մեռնեն երկու օր շուտ:
– Հայերը ցա՞ծր ինտելեկտ ունեն:
– Ոչ, բացարձակ, ով ցածր ինտելեկտ ունի, ես մտածում եմ հայ չէ, ով ունի բարձր ինտելեկտ, ինքը հայ է, իսկ ով ունի ցածր ինտելեկտ, ինքը ինչ-որ բանի խառնուրդ է:
– Ինչո՞ւ են մեր երգիչները հիմնականում ծառայում իշխանություններին, ընտրություններին կմասնակցեք, եթե հրավիրեն:
– Հա, իհարկե, եթե կանչեն, կգնամ, բա ո՞ւմ կողքին պետք է լինես, եթե քո երկիրը պետք է կառավարի տվյալ մարդը: էլի իմ նախորդ ասածին ենք գալիս, որ յուրաքանչյուր ընտրություն մեզ համար պետք է տոն լինի, պետք է երգես, պարես ուրախանաս:
– Ուրիշ թեկնածու չե՞ք տեսնում դաշտում:
– Չգիտեմ ով ինչ է ընտրվել, ինձ համար կարևոր է որ լավ լինի:









































