ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին պատրաստվում է հուլիսի կեսին իրականացնել արտասահմանյան մեծ շրջագայություն, որի ժամանակ կներկայացնի իր արտաքին քաղաքականության ծրագիրը: Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով Ռոմնիի շտաբի սեփական աղբյուրները:
Ավելի վաղ Ռոմնին արդեն արտաքին քաղաքական հայտարարություն արել էր, սակայն նրա նախընտրական ծրագիրը փաստորեն մշակված արտաքին քաղաքական բլոկ չունի: Ռոմնին հայտնի է արտաքին քաղաքականության հարցում իր պահպանողական հայացքներով: Մասնավորապես, նա բազմիցս Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի համար 1 ռազմավարական թշնամի», ինչպես նաև հայտնել է, որ իր հաղթանակի դեպքում չի բացառվի Իրանին հարված հասցնելու հնարավորությունը:
Նախատեսվում է, որ շրջագայության շրջանակներում Ռոմնին կայցելի 5 երկիր:
Ռոմնիի առաջին ելույթը նախատեսվում է Արտասահմանյան պատերազմների վետերանների ասոցիացիայի կոնֆերանսին, որը նախատեսվում է Նևադայում հուլիսի 21-25-ին: Այնուհետև նա կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ հուլիսի 27-ին կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը: ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունը Խաղերին կգլխավորի առաջին տիկին Միշել Օբաման:
«Այնտեղ նա նաև հանդես կգա ելույթով՝ նվիրված իր արտաքին քաղաքականությանը»,- մեջբերում է թերթը շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Ռոմնիի հաջորդ կանգառը կլինի Իսրայելը՝ ԱՄՆ-ի մյուս ռազմավարական դաշնակիցը:
«Իսրայելում Ռոմնին մի շարք հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների, ինչպես նաև պաղեստինցի պաշտոնյաների հետ: Դրանից հետո, համաձայն նախնական ծրագրի, նա կվերադառնա Եվրոպա, որտեղ կանգ կառնի Գերմանիայում, ինչպես նաև բաց ելույթով հանդես կգա Լեհաստանում. երկիր, որը դարձավ ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը Աֆղանստանում Ջորջ Բուշ-Կրտսերի կառավարման շրջանում և երկիր, որը կիսում է Ռոմնիի մտավախությունները Ռուսաստանի հարցում»,- ասել է աղբյուրը:
Շտաբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոմնիի շրջագայության ծրագիրը վերջնականապես կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում: Չի բացառվում, որ թեկնածուն կայցելի նաև Աֆղանստան:
Թերթի տվյալներով՝ վերտերանների համաժողովին Ռոմնին կշարունակի քննադատել Օբամայի վարչակազմի գործողությունները, սակայն արտասահմանյան այցերի ընթացքում նա զերծ կմնա դրանից:
Պարբերականը նշում է, որ Ռոմնիի այցը հիշեցնում է 2008թ. Օբամայի արտասահմանյան շրջագայությունը. հետապնդում է նույն նպատակները:
Ռոմնի շտաբը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել թեկնածուի արտասահմանյան շրջագայության մանրամասները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին:









































