Google ընկերությունը կթվայնացնի Իտալիայի խոշորագույն կինոարխիվը, որը պատկանում է Cinecitta Luce ընկերությանը: Պայմանավորվածության մասին հուլիսի 5-ին հաղորդել է The Hollywood Reporter-ը:
Համաձայն պայմանավորվածության՝ Google-ն անվճար կթվայնացնի ավելի քան 100 հազար տեսագրություն և ավելի քան 3 միլիոն պատկեր, իսկ Cinecitta Luce-ն թվային կրկնօրինակների համար ազատ մուտքի հնարավորություն կտա: Ավելի քան 30 հազար տեսանյութ արդեն հասանելի են YouTube-ի հատուկ ալիքում:
Cinecitta Luce-ն ձևավորվել է 2008 թվականին Luce ինստիտուտի և Cinecitta կինոընկերության միաձուլմամբ: Ինչպես նշում է հրատարակությունը Luce-ն Բենիտո Մուսսոլինիի լուսանկարների և կինոքրոնիկների աշխարհի ամենամեծ բազան ունի, ինչպես նաև Վատիկանի, Հռոմում 1960 թվականի տեղի ունեցած Օլիմպիադայի և իտալական մայրաքաղաքի առօրեա կյանքի տեսագրություներ:
Google-ն առաջին անգամը չէ, որ պատմական փաստաթղթեր է թվայնացնում: Ընկերությունն արդեն մասնակցել է Նելսոն Մանդելի արխիվի, Մեռյալ ծովի գլանակների և Հոլոքոստին նվիրված ֆոտոփաստաթղթերի արխիվի հրապարակմանը:









































