ԱՄՆ-ը դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ 3 մլրդ դոլարի հայց ներկայացնելով Չինաստանի դեմ։ Նման հայցի պատճառը Չինաստանի կողմից սահմանված ներմուծման տուրքերն են, որոնք վերաբերում են ամերիկյան ավտոարտադրությանը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս կապակցությամբ ասել է, որ ամերիկացիներն ամենևին էլ չեն վախենում մրցակցությունից․ «Այն մեզ համար ահավոր չէ, քանի որ մենք խաղում ենք օրենքներով։ Սակայն նաև ցանկանում ենք, որպեսզի այդ օրենքները պարտադիր լինեն բոլորի համար»։ Օբաման հավելել է, որ անհրաժեշտ է պատասխանատվության կանչել Չինաստանին, քանի որ նրա գործողությունները զգալի վնաս են հասցնում ամերիկյան ավտոարտադրությանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Չինաստանը մտցրել էր հակադեմպինգային տուրքեր՝ համարելով, որ ԱՄՆ ավտոարտադրողները ԱՄՆ սահմաններից դուրս մեքենաները վաճառում են շատ ավելի ցածր գներով։








































