Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն առաջարկել է Լատինական Ամերիկայի երկրների համար բացել 10 մլրդ դոլարի վարկային գիծ՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերին աջակցության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լատինաամերիկյան երկրներ իր 6-օրյա այցի ընթացքում Ցզյաբաոն նաև առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ արդյունաբերական ճյուղի զարգացման համար: Բացի այդ, վարչապետը նպատակահարմար է համարում ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքել Չինաստանի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջև, որի մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը:
Ցզյաբաոի այցն ավարտվել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ նա 11 առևտրական համաձայնագիր է կնքել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինեյրայի հետ: Կողմերը նաև պայմանավորվել են 2015 թ. կրկնապատկել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 60 մլրդ դոլարի: Ինչ վերաբերում է ամբողջ Լատինական Ամերիկային՝ չինական կողմը նախատեսում է նրա հետ առևտրի ծավալը առաջիկա 5 տարում ավելացնել մինչև 400 մլն դոլար:
Տնտեսական կապերի ընդլայնման շրջանակներում անցյալ շաբաթ Չինաստանը Բրազիլիայի հետ 30 մլրդ դոլարի համաձայնագիր էր կնքել արժութային սվոփի շուրջ: Ավելի վաղ նման պայմանագրեր էին ստորագրվել նաև այլ երկրների, այդ թվում՝ Արգենտինայի հետ:











































