Երևանում մեկնարկել է հայ-ավստրիական գործարար համաժողովը` Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցի շրջանակներում: Ինչպես լրագրողներին հայտնեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, հայ-ավստրիական տնտեսական համագործակցությունն այս պահին այնքան էլ ակտիվ չէ, 2009-ից սկսած՝ այն նվազել է. 2010 թ. ունեցել ենք մոտ 60-61 մլն դոլարի առևտրաշրջանառություն, 2011-ին` մոտ 50 մլն դոլարի:
«Ավստրիայից ՀՀ ներդրումների ծավալը բավական փոքր է` 2009-2011 թ. 450-460 հազ. դոլար, որը շատ չնչին է և հիմնականում ուղղվածությունը եղել է հեռահաղորդակցության ոլորտը»,- ասաց Ռ. Հարությունյանը:
Ըստ նրա` շրջանառության մեծ մասը բաժին է ընկնում ներմուծմանը: Օրինակ՝ 2010-ին 57 մլն դոլարի ապրանքներ ներմուծվել են Ավստրիայից ՀՀ, և միայն 4 մլն-ն է արտահանվել: Հիմնականում ներմուծվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, որոշակի սարքավորումներ, շաքարավազ, թուղթ և այլն, արտահանվել է հիմանկանում հանքահումքային ոլորտի արտադրանք` պղինձ, սև մետաղներ, ալյումին: Ռ. Հարությունյանը նշեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են բացահայտել, թե ինչպես կարող են զարգացնել երկկողմ հարաբերությունները: Ավստրաիայից ժամանել են տարբեր ոլորտներ` քիմիայի, ՏՏ, էլեկտրոնիկայի, ֆինանսական, տուրիզմի ու սպորտի և այլն, ներկայացնող 16 ընկերություն, յուրաքանչյուրն ունեցել է համապատասխան հանդիպումներ պետական կառույցներում: ԶՀԳ ղեկավաը հույս հայտնեց, որ գործարար հանդիպումների շրջանակներում նոր նախաձեռնություններ կտեսնենք:
Համաժողովի ժամանակ ներկայցվեցին շնորհանդեսներ Հայաստանի և Ավստրիայի ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նախատեսվոմ է, որ համաժողովը կեզրափակվի երկու երկրների նախագահների և էկոնոմիկայի նախարարների ուղերձներով, կստորագրվեն հուշագրեր ու համաձայնագրեր:









































