TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովի ժամանակ անդրադարձել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման խնդրին.
«Թուրքիան և Ադրբեջանը TANAP գազատարի նախագծի իրագործմամբ իրենց խոշոր ներդրումը կունենան Եվրոպայի էներգոանվտանգության ապահովման հարցում: TANAP-ը հնարավորություն կտա Թուրքիայի տարածքի միջով դեպի Եվրոպա փոխադրել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքվայրի մշակման երկրորդ փուլի ժամանակ ստացվելիք գազը:
Բացի այդ, այս նախագիծը հնարավորություն կտա փոխադրել ոչ միայն «Շահ Դենիզ» գազային հանքվայրի, այլև Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում գտնվող այլ գազահանքերի գազը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի թուրքմենական գազին այդ երթուղով հայտնվել Եվրոպայում»:
Հիշեցնենք, որ TANAP-ի վերաբերյալ համաձայնագիրը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև պետք է կնքվի այսօր Ստամբուլում, ուր արդեն իսկ տեղի է ունեցել երկու երկրների նախագահների՝ Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Բացի այդ, Ստամբուլում հանդիպել են նաև երկու երկրների արտգործնախարարները:











































