Թուրքիան քննարկում է Սիրիային մատակարարվող էլեկտրաէներգիայի դադարեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը՝ նշելով, որ դա անմիջական կապ ունի Սիրիայի կողմից թուրքական ռազմական ինքնաթիռը խփելու հետ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նրա խոսքերով՝ այս հարցով որոշումը կընդունվի առաջիկա 1-2 օրվա ընթացքում։ Միաժամանակ նա ասել է, որ մատակարարման կրճատումը կիրականացվի այն մեխանիզմով, ինչը թույլ կտա խուսափել Սիրիայի քաղաքացիներին վնաս հասցնելուց։
Հիշեցնենք, որ թուրքական ռազմական ինքնաթիռը ներխուժել էր Սիրիայի տարածք, ինչի արդյունքում Սիրիայի ՀՕՊ համակարգը ոչնչացրել էր այն։ Այս միջադեպից հետո ճնշումները Սիրիայի նկատմամբ էլ ավելի մեծացան։ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիային պատասխանատվության կանչելու համար։








































