2012ի մարտին Ճապոնիայի Sea Life Park-ի տարածքից փախուստի դիմած պինգվինի համար նոր անուն են մտածում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով այգու ներկայացուցիչներին: Ներկայում պինգվինն անուն չունի, նրան կոչում են իր վանդակի համարով՝337:
Անվան վերաբերյալ իրենց առաջարկներն այգու այցելուները կարող են թողնել հատուկ արկղում, որը տեղադրված է 337 վանդակի մոտ: Ազատատենչ պինգվինի համար անունը կընտրեն հուլիսի 1-ին:
337-ը փախել էր վանդակից, որտեղ ապրում էր իր հարազատներրի հետ: Նա հաղթահարել էր բարձր պարիսպը: Ենթադրվում է, որ նա ինչ-որ բանից վախեցել է: Սթրեսի ժամանակ պինգվիները երբեմն կարող են շատ բարձր թռչել:
82 օր շարունակ պինգվինն ինքնուրույն է ապրել: Նա հայտնվել էր Տոկիոյի ծովածոցում, որտեղ լողում էր և սնվում: Քնելու և հանգստանալու համար նա ցամաք էր դուրս գալիս, որտեղ էլ վերջիվեջո բռնեցին նրան: Դա տեղի է ունեցել մայիսի երկրորդ կեսին: Պինգվինին վերադարձրել են ակվարիում:










































