«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
– Պարոն Դանիելյան, ո՞ր երկրներում են մորմոնները տարածվում, ինչպիսի՞ երկրների հետ են համագործակցում:
– Հանրահայտ փաստ է, որ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի Սրբերի եկեղեցին, որը հայտնի է որպես մորմոնների եկեղեցի, ստեղծվել է ԱՄՆ-ում և գործում է այնտեղ: Կան համայնքներ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում:
– Ե՞րբ են մորմոնները Հայաստանի հետ կապեր ձևավորել:
– Այդ կրոնական համայնքի առաջին միսիոներները Հայաստան են եկել 19-րդ դարի վերջին: Արևմտյան Հայաստանի տարածքում հիմնվել են եկեղեցու ճյուղեր, որոնք գործել են մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը: 1991-ին միսիոներները կրկին եկան Հայաստան: Պաշտոնապես համայնքը Հայաստանում գրանցվել է 1994 թվականին: Հայաստանի հետ սկսել են ակտիվ համագործակցել երկրաշարժից հետո: Իմ տվյալներով, Հայաստանի մի քանի քաղաքներում գործում են մորմոնների համայնքներ, ընդհանուր թիվը` մոտ 2000 անդամ:
– Ի՞նչ գաղափարախոսության, հայեցակարգի կամ կարգախոսի շուրջ են հավաքվում մորմոնները: Ո՞րն է նրանց նպատակը:
– Ցանկացած կրոնական հաստատության նպատակը Աստծուն երկրպագելն է իր յուրահատուկ ծիսակարգով: Բնականաբար, յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն համարում է, որ իր ուսմունքը ամենաճիշտն է և այդ «բարի լուրով» փորձում է կիսվել բոլորի հետ, որը կոչվում է զբաղվել քարոզչությամբ: Պետք է զարմանալ ոչ թե նրանից, որ կրոնական կազմակերպությունները զբաղվում են քարոզչությամբ, այլ ճիշտ հակառակը, որ իրենց իմացած «ճշմարտությունը» ուրիշների հետ չեն ցանկանում կիսել: Այստեղ, իհարկե, առաջանում են իրավական հարցեր` կապված քարոզի ձևերի հետ, որի համար պետք է լուծումներ գտնել իրավական հարթությունում:
– Իսկ ո՞րն է մորմոնների ճշմարտությունը:
– Մորմոնների ճշմարտությունը, ինչպես մյուս կրոնական կազմակերպությունների «ճշմարտությունները» գրված է իրենց սուրբ գրքում` «Մորմոնի գրքում», որը կարող եք գտնել ինտերնետում ու ընթերցել, եթե հետաքրքրվում եք: Մորմոններն ունեն սոցիալական հայեցակարգ, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին պետք է լինի իր հետևորդը, ինչն է լավը, ինչն է վատը: Աշխարհի բոլոր կրոնական կազմակերպությունները` բողոքական, ուղղափառ, կաթոլիկ եկեղեցիները, ունեն սոցիալական հայեցակարգ, բացի` 1700 տարվա Հայ Առաքելական եկեղեցուց: Այն, ինչ հիմա տեսնում ենք Հայաստանում` բարոյալքություն, հուսահատություն և այլ արատներ, դրանց պատճառներից մեկն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չունի սոցիալական հայեցակարգ: Եվ շատ դեպքերում բարձրաստիճան հոգևորականներին մենք տեսնում ենք ամենաարատավոր մարդկանց կողքին կանգնած, և նրանք չեն դատապարտում հասարակության մեջ տեղի ունեցող տարբեր արատավոր երևույթներ: Եթե ծանոթ լինեի պարոն Հանթսմանի հետ, ապա կառաջարկեի Հայաստանում բարեգործական ծրագրերի փոխարեն Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների համար վարպետության դասընթացներ կազմակերպել, թե ինչպիսի բարոյական կերպար պետք է ունենա հոգևորականը, ինչպես պետք է իրեն պահի իր եկեղեցու հետևորդների մոտ, ինչպիսի բովանդակություն պետք է ունենան քարոզները, որոնք պետք է արծարծեն հասարակության առջև կանգնած մարտահրավերները: Իհարկե, յուրաքանչյուր եկեղեցի իր հոգևոր հայեցակարգերից ելնելով:
– Ըստ մորմոնների սոցիալական հայեցակարգի` ինչպիսի՞ն պետք է լինեն իրենց հետևորդները:
– Մորմոնները հայտնի են նրանով, որ ունենում են շատ երեխաներ, ամուսնանում են շատ վաղ տարիքում, երիտասարդ տարիքում շրջում են ամբողջ աշխարհում և իրենց կրոնը տարածում: Նրանք շատ աշխատասեր են և ժուժկալ: Նրանց մոտ դրված է փոխօգնության համակարգը` մորմոնը մորմոնին պիտի օգնի: Մորմոնները նաև շատ համերաշխ են: Այսինքն` այն հատկություններն են, որոնք մեզ հիմա խիստ անհրաժեշտ են, հույս ունեմ, որ հայ եկեղեցին նույնպես կարող է վերափոխվել և նման արժեքներ քարոզել Հայաստանի հասարակության շրջանում:
– Իսկ որո՞նք են մորմոնների քաղաքական ներդրումների իրական նպատակները, շարժառիթները:
– Մորմոնների քաղաքական ներդրումների մասին ես տեղյակ չեմ: Եթե ակնարկում եք Վարդան Օսկանյանին և «Սիվիլիթասին» ԱԱԾ կողմից ներկայացված մեղադրանքները, ապա ես գործի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն ինձ համար անհասկանալի են մամուլում հնչող այն հարցադրումները, թե մորմոններից օգնություն ստանալու մեջ կա ոչ հայրենասիրական արարք:
Այս պահին Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից
ամենաքաղաքականացվածը Հայ Առաքելական եկեղեցին է, հատկապես անհասկանալի է Արարատյան թեմի և վարչապետի համագործակցությունը, որը շատ դեպքերում օրենքի սահմաններն անցնում է, երբ եկեղեցին միջամտում է ներպետական գործունեությանը` խախտելով Սահմանադրության այն դրույթը, որ եկեղեցին և պետությունը միմյանցից տարանջատված են:
– Իսկ ինչո՞ւ են մորմոնները ներդրումներ արել Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամում` օգնություն «մորմոնը` մորմոնի՞ն», թե՞ «մորմոնը` ոչ մորմոնին» սկզբունքով:
– Որքանով ինձ հայտնի է` Հանթսմանը մի քանի տասնյակ միլիոնների բարեգործություն է արել Հայաստանում, և երևի ճիշտ կլինի, որ Հայաստանի կառավարությունը վերադարձնի այդ գումարը Հանթսմանին, եթե համարում է, որ մորմոններից փող վերցնելը վատ բան է: Առհասարակ Հայաստանի բյուջեի զգալի մասը, եթե ոչ կեսից ավելին, անգամ պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, դատական համակարգը և այլն, սնվում են միջազգային տարբեր կազմակերպությունների վարկերից և գրանտներից: Կոնկրետ ինձ համար նվաստացուցիչ է, որ մեր երկիրը մարդասիրական և ոչ մարդասիրական օգնությունների հույսին է մնացել և դրա համար պետք է դատապարտել ոչ թե մորմոններին, այլ Հայաստանի իշխանություններին:
– Այսինքն` Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ մորմոններից ֆինանսական աջակցությո՞ւն է ստացել:
– Հայաստանի կառավարությունը, կրկնում եմ, մի քանի տասնյակ միլիոնների օգնություն է ստացել. Գյումրիում բարեգործական շինարարություններ են եղել, հատկապես երեխաների համար նվիրատվություններ են եղել: Եթե այդքան սկզբունքային է Հայաստանի կառավարությունը, ապա թող այդ մի քանի տասնյակ միլիոնի ներդրումները վերադարձնի պարոն Հանթսմանին: Միայն դրանից հետո թող խոսեն Օսկանյանին ֆինանսավորելու անօրինականության մասին: Իսկ մինչ դա` այդ իրավունքը նրանք չունեն: Որքանով ինձ հայտնի է, Հայ Առաքելական եկեղեցին նույնպես մորմոնների նվերները վերաբաժանում է կարիքավոր խավերին: Լավ կլինի այդ պնդման ճշմարիտ լինելը ճշտեք հենց եկեղեցում:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ են այդպիսի հսկայական բարեգործություններ անում մորմոնները Հայաստանում: Զուտ բարի կամքի դրսևորո՞ւմ է:
– Ես չեմ կարող ասել, թե ինչու են ֆինանսավորում: Բայց նմանատիպ ֆինանսավորումները աշխարհի բազմաթիվ երկրներում են լինում տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից:
– Իսկ մորմոնների օգնությունը Հայաստանին 1988-ից հետո շարունակվե՞լ է մշտապես` բոլոր իշխանությունների օրոք:
– Որքանով ես գիտեմ` այո: Լավ կլինի, որ այդ տվյալները ճշտելու համար դիմեք կառավարությանը և մորմոնների Հայաստանի համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ` նրանք կպատասխանեն:








































