«Արդիբաշ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Մինասյանն ի՞նչ իմանար, որ իր ազգական Աշոտ Մալխասյանի հետ «գործ բռնելը», «Կատո» էքսկավատորի ձևով ժամանակավոր օգնությունը չմերժելը իր գլխին հետո լուրջ գլխացավանք է դառնալու. ընդ որում` վերցրած և վերադարձվելիք գումարներից 200.000 դոլար էլ ավելի տալուց հետո իրեն մեղադրելու են խարդախության և «Կատո» էքսկավատորը պահեստամասերի վերածելու, օտարելու մեջ: Ավելին` «Կատոն» գրեթե նույն վիճակում և տեղում է, որտեղ շահագործվել էր, չնայած Սմբատը դրա փողն էլ էր տվել Աշոտին և կարող էր նաև օտարել: Համենայնդեպս, գործի նյութերից այդպես է երևում, քանի որ նախաքննական մարմինը պահեստամասի գոնե մեկ գնորդի չի հայտնաբերել… Բայց Սմբատ Մինասյանին ներգրավել են որպես մեղադրյալ և մեղադրանք ներկայացրել խարդախության և յուրացման համար:
Կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվել է «Կատոյից». սկզբում քրգործը հարուցվել է ինքնիրավչության փաստով, որի համար նախատեսվում է տուգանքի ձևով պատիժ, բայց տպավորություն կա, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել այնպիսի մեղադրանք առաջադրել, որ հնարավոր լինի և՛ ազատազրկել Սմբատ Մինասյանին, և՛ նրա անձնական գույքի վրա արգելանք դնել: Եվ ահա, այդ մեղադրանքը միացվել է մեկ այլ քրգործի (կրկին նույն անձի վերաբերյալ), մեղադրանքը վերաորակվել և Սմբատ Մինասյանին մեղսագրվող ինքնիրավչությունը դարձել է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն (քր.օր.-ի 178-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) և առանձնապես խոշոր չափերի յուրացում (179-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ): Ըստ մեղադրանքի՝ «Արդիբաշ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Մինասյանը 2005թ., բանավոր կնքված պայմանագրով, պետք է իր հանքում շահագործեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Աշոտ Մալխասյանին պատկանող «Կատո HD-1500» մակնիշի էքսկավատորը, սակայն 2 տարվա ընթացքում իրեն վստահված տեխնիկան, առանց Ա. Մալխասյանի համաձայնության շահագործումից հանել է, վերածել պահեստամասերի և վաճառել՝ վերջինիս պատճառելով 21.300.000 դրամի գույքային վնաս: Բացի դա, ըստ մեղադրականի՝ Սմբատը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում 2008թ. փետրվարի 28-ին գրավադրված Աշոտ Մալխասյանի կնոջ` Գայանե Գրիգորյանին պատկանող Աշտարակի Մուղնի թաղամասում գտնվող տունը և որդուն` Էդգար Մալխասյանին պատկանող Երևանի Հերացու փողոցում գտնվող տարածքը գրավից հանելու պատրվակով Աշոտ Մալխասյանից խարդախությամբ հափշտակել է 177.000 ԱՄՆ դոլար:
Ամբաստանյալ Սմբատ Մինասյանը չի ընդունել մեղքը և ցուցմունքում նշել է, որ Աշոտն իր կնոջ ազգականն է: Իրեն պատկանող «Արդիբաշ» ՍՊԸ-ն, որի տնօրենն է, զբաղվել է քարի արդյունահանմամբ և մշակմամբ: Մի անգամ Աշոտին անվճար քար և սալիկներ է տվել, ինչից հետո մտերմացել են և ընտանիքներով ջերմ փոխհարաբերություններ են հաստատել: Որոշ ժամանակ անց, 2005-ին Աշոտն է ցանկացել իրեն լավություն անել. ցույց է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (որտեղ աշխատում է որպես ֆինանսական գծով փոխտնօրեն) պատկանող անսարք տեխնիկայի ցուցակը և առաջարկել ընտրել իրեն անհրաժեշտ տեխնիկա: Սակայն ինքն առարկել է՝ նշելով, որ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարող որևէ բան գնել: Այդ ընթացքում վարձակալությամբ իր հանքում շահագործել է «Կատո HD-1500» տեսակի էքսկավատոր և Աշոտի պնդումներից հետո ցուցակից ընտրել է հենց նույն տեսակի էքսկավատոր, որն Աշոտը խոստացել է իր միջոցներով գնել, վերանորոգել և իրեն՝ Սմբատին տրամադրել անհատույց օգտագործման, բայց պայմանով, որ հետո վերջինս վերադարձնի Աշոտի ծախսած գումարը: Ըստ Սմբատի՝ Էքսկավատորն Աշոտը գնել է 8.000-12.000 դոլարով, վերանորոգելու համար մոտ 23.000 դոլարի պահեստամասեր է գնել, իսկ արհեստավորներին վճարել է 5.000 դոլար, բայց վերանորոգման որոշ ծախսեր էլ ինքը՝ Սմբատն է կատարել. գնել է դրա վրա տեղադրվող քանդող սարքը՝ ծախսելով 10.000 դոլար:
Դրանից հետո Աշոտը ցանկացել է ընկերոջ հետ քարի արտադրամաս հիմնել և տարածք է փնտրել: Նա Սմբատի օգնությամբ 55.000 դոլարով Սամվել Մալխասյանից քարի 2 հաստոց է գնել և Սմբատին էլ առաջարկել է միանալ իրեն՝ համատեղ աշխատելու: Ու քանի որ Աշոտի գնած երկու հաստոցները մոտ 1 տարի մնացել են առանց շահագործման, Սմբատն էլ անհատույց շահագործել է նրա էքսկավատորը, Աշոտին ինքն է առաջարկել իր գործընկերը դառնալ՝ 500.000 դոլարի ներդրում անել, իր քարի հանքի հարևանությամբ արտադրամաս կառուցել և շահույթը հավասար կիսել: Այդպես սկսել են արտադրամասի շինարարության աշխատանքները: Աշոտը 201.000 դոլար գումար է ներդրել արտադրամասի կառուցման համար, սակայն որոշ ժամանակ անց պատճառաբանել է, որ արտադրամասի հողը սեփականության վկայական չունի և հրաժարվել է համատեղ գործունեությունից: 2006-ին իրենք հաշվարկ են արել և ընդհանուր հայտարարի են եկել, որ Աշոտը ներդրել է ընդհանուր 300.000 դոլար, որը ներառում է 55.000 դոլար` հաստոցների արժեքը, 201.000 դոլար` ներդրումը և 44.000 դոլար` էքսկավատորի արժեքը: Սմբատը պարտավորվել է Աշոտին վերադարձնել այդ 300.000 դոլարը և 100.000 դոլար էլ ավելի, բայց արտադրամասի կառուցումն ավարտելուց և եկամուտ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում: Աշոտը համաձայնել է, և Սմբատն իր սեփական միջոցներով ավարտել է արտադրամասի կառուցման աշխատանքները և գործի դրել այն: Սակայն 2007թ. սկզբին կարողացել է միայն 25.000 դոլարը վերադարձնել Աշոտին, քանի որ հետո Սմբատի գործերը լավ չեն ընթացել: Նա ստիպված որոշել է Աշոտին ունեցած իր ամբողջ պարտքը վերադարձնելու և իր բիզնեսը զարգացնելու համար բանկից 1.600.000 դոլար վարկ վերցնել: Դրանից 400.000-ը պետք է վերադարձներ Աշոտի պարտքը, իսկ մնացածը ներդներ իր բիզնեսը զարգացնելու և այլ մարդկանց ունեցած պարտքերը մարելու համար: Այդ հարցում Աշոտն օգնել է՝ համաձայնություն է ձեռք բերել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում և վարկային գիծ է բացվել: Սմբատը գրավադրել է իր ընկերներից մեկի բնակարանը, իր 2 հողակտորները, իր ընկերության բաժնետոմսերը և գույքը, ինչպես նաև «Կատո HD-1500» տեսակի մեկ այլ էքսկավատոր (ոչ Աշոտի տվածը): Բայց քանի որ քարի արտադրությունը սեզոնային էր, բանկը Սմբատի ընկերությանը վարկ չի տրամադրել, և վարկը ձևակերպվել է նրա աներորդիներին պատկանող կաթնամթերք արտադրող «Ջոնսոն» ՍՊԸ-ի անվամբ: Այսինքն` Սմբատը պարտք է մնացել «Ջոնսոնին», որի վարկի մարումը կատարել է ինքը: Առաջին վարկը` 300.000 դոլար, ստացել և ներդրել է իր բիզնեսի մեջ: Երկրորդ փուլում` պետք է ստանար 400.000 դոլար և մարեր Աշոտի պարտքը, սակայն վերջինս Սմբատին խնդրել է բանկում գրավադրված գույքը ավելացնել և 600.000 դոլար ստանալ, որից 400.000-ը՝ որպես իր պարտք, իսկ 200.000-ը՝ այլ հարցերի համար (հետագայում Սմբատն իմացել է, որ ավել գումարով Աշոտը այլ վարկի գումար պետք է մարեր): Սմբատը համաձայնել է, քանի որ Աշոտը խոստացել է մեկ տարվա ընթացքում բանկին վերադարձնել 200.000 դոլարը և վճարել դրա տոկոսները, սակայն տոկոսները, Սմբատի խոսքով, ինքն է վճարել: «Ջոնսոնի» միջոցով 600.000 դոլարը ստանալու համար Աշոտը գրավադրել է երկու անշարժ գույք՝ կնոջը և որդուն պատկանող: Սմբատը ստացել է այդ գումարը և միանգամից փոխանցել Աշոտի կնոջ` Գայանեի հաշվին: Դրանից հետո, սակայն, Աշոտը հրաժարվել է իր խոստումից և բանկն արդեն մնացած գումարը չի տրամադրել Սմբատին: Վերջինս հայտնվել է դժվար կացության մեջ, չի կարողացել բիզնեսը շարունակել, ստիպված նոր վարկ է ձևակերպել այլ բանկում ու մասնավոր անձանցից էլ է գումարներ վերցրել տոկոսով, սակայն դա բավարար չի եղել բիզնեսը ոտքի կանգնեցնելու և բանկի տոկոսները մարելու համար…և ի վերջո, սնանկացել է: Իհարկե, Աշոտը ավել վերցրած 200.000-ը մաս-մաս վերադարձրել է, որոնցով Սմբատը բանկի տոկոսներն է մասամբ մարել, և ինքը այդ գումարները չի վերցրել Աշոտի գրավադրած գույքերը գրավից հանելու համար, ինչպես նշված է մեղադրանքի ծավալում: Իսկ 2009-ից այլևս չի կարողացել մարել բանկի տոկոսները և ստիպված մեկնել է ՌԴ` այլ գործ ձեռնարկելու համար, սակայն այնտեղ սրտի կաթված է ստացել, 2 ամիս հիվանդանոցում պառկելուց հետո վերադարձել է Հայաստան: Սմբատը դատարանում հայտնել նաև, որ Աշոտի տված «Կատո HD-1500» էքսկավատորը գտնվում է նույն քարի արտադրամասում, և փորձանքից ազատվելու համար նույնիսկ պատրաստ է դա տալ Աշոտին, չնայած դրա գումարն էլ է վճարել:
Որպես տուժող ներգրավված Աշոտ Մալխասյանը Սմբատի պատմածը մի քիչ այլ կերպ է ներկայացրել. նշել է, որ գումարները Սմբատին է տրամադրել ոչ թե իրենց համատեղ բիզնեսի, այլ՝ նրան օգնելու համար, որպեսզի Սմբատն իր բիզնեսը ոտքի կանգնեցնի: Նշել է, որ որոշ ժամանակ անց, երբ հանքը չի աշխատել, ինքը Սմբատից տեղեկացել է, որ պատճառը շարքից դուրս եկած «Կատոն» է, որի վերանորոգման համար գումար չունի: Աշոտի ասելով՝ Սմբատն ինքն է խնդրել, որ «ՀայՌուսգազարդի» չշահագործվող տեխնիկայի ցանկից ընտրի «Կատո HD-1500» տեսակի էքսկավատորը, գնի, վերանորոգի և տա իրեն շահագործման՝ վարձահատույց լինելու պայմանով, ինչը և ինքը արել է ու բանավոր պայմանավորվել Սմբատի հետ, որ այն շահագործելու յուրաքանչյուր օրվա համար վերջինս իրեն պետք է տա 150 դոլար, բայց չի տվել… Իսկ գումարը տրամադրելու և ստանալու ժամանակահատվածներում՝ դոլարի փոխարժեքի տարբերության պատճառով (տալուց բարձր է եղել) ինքը այլ բիզնես իրականացնելու դեպքում վնաս կկրեր: Ուստի իր հաշվարկով Սմբատն իրեն պարտք է եղել 57.000 դոլար: Չնայած տուժողի ներկայացրածին, դատարանը գտել է, որ Սմբատ Մինասյանին քր.օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում պետք է ճանաչել անպարտ և արդարացնել, քանի որ մեղադրանքներն անհիմն են: Մեղադրող կողմը, սակայն, Վերաքննիչ դատարանից պահանջում է կայացնել մեղադրական դատավճիռ:









































