Պետք է սահմանել Սևանի մեծածախ գին և ջուրը Սևան-Հրազդան կասկադին վերավաճառել, քանի որ 150 մլն խմ ջուրը նույնքան նավթ է: Նման առաջարկ այսօր Ազգային ժողովում արեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Սևանից 150 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու հարցի քննարկման ժամանակ:
«Ինչո՞ւ ենք գյուղացուն 20 դրամով վաճառում, թող 10-10 լիներ: Ջուրը թանկ ռեսուրս է, աշխարհում ջրի միջին գինը գերազանցում է նավթի գնին մոտ 20%-ով: Այնպես չէ, որ Հայաստանը աղքատ է Ադրբեջանից, մենք ջուր ունենք, ճիշտ տնօրինեք ջուրը: Պետք է ճիշտ ռեֆորմ անենք, այլապես անընդհատ Սևանից ջուր կուզենք»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքով, 1 կգ գյուղական արտադրանքի վրա այսօր ծախսվում է 7-8 անգամ ավելի ջուր, քան աշխարհն է ոռոգում, ջրի ծախսն այսօր գերազանցում է նույնիսկ վառելիքի ծախսը: Հ. Բագրատյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Սևանի մակարդակը բարձրացել է միայն 2002 թվից հետո, մինչ այդ եղել է իջեցում, բարձրացել է 4 մ 12 սմ-ով, որը 5.5 մլրդ խմ ջուր է:
«5 մլրդ տվել են, 2-րդ անգամ են ջուր ուզում ՝ 170 մլն խմ և 350 մլն խմ: Տա՞նք, թե՞ չտանք: 1 սմ-ը հավասար է 13.5 մլն խմ ջրի: Ինչի՞ մասին ենք խոսում: Այսինքն՝ հիմա գյուղացուն ջուր է պետք, մենք չտա՞նք: Մայր Սևանի գաղափարախոսությունը դրա մեջ է»,- ասաց Վ. Այվազյանը՝ հավելելով, որ ամբողջ համակարգի մեջ լրջագույն խնդիրներ կան, որ կարգավորման կարիք ունեն, այդ թվում՝ ափամերձ տարածքների հետ կապված, մակարդակի բարձրացման հետ կապված և այլն: «Միայն Սևանի ջուրը ոռոգման վրա ունի գին: Եթե այսօր ջուր չտանք, վաղը չենք ակնկալի նորմալ գյուղատնտեսություն»,- ասաց Վ. Այվազյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:
Օրինագծին կողմ է քվեարկելու նաև ԲՀԿ-ն: Խմբակցության պատգամավոր Սամվել Բալասանյանի խոսքով՝ ունենք շատ ջրեր, որ պետք է կարողանանք հավաքել. «Հյուսիս-Հարավը ի՞նչ է տալիս մեր ժողովրդին, 1 մլրդ-ից ավելի գումար է ծախսվելու դրա վրա: Վարելահողերի 40-50% չի մշակվում: 10 ջրամբարների կառուցումը կիսատ է մնացել խորհրդային տարիներից: Ես էդ տրամաբանությունը չեմ հասկանում՝ ջուր չտանք: ԲՀԿ-ն խոստացել է ջրի սակագինը իջեցնել: Արտեզյան ջրերը Մասիսում կորչում են դրենաժների միջոցով: Անհրաժեշտ է, որ տանք մինչև 320 մլն խմ, Աստված տա՝ լինի անձրևային եղանակ»:










































