Կարմիր խաչի աշխատակիցները երեկ հայտարարել են, որ տուժած քաղաքացիներին Հոմս քաղաքից դուրս բերելու իրենց ծրագրերը տապալվել են, քանի որ զինված բախումները չեն դադարում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կարմիր Խաչի ներկայացուցիչների խոսքերով՝ հինգշաբթի առավոտյան իրենց հաջողվել էր համաձայնության գալ կառավարական ուժերի և ապստամբների միջև կրակի դադարեցման և Հոմսից վիրավորների դուրսբերման վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ կազմակերպության ներկայացուցիչների ուղղությամբ կրակ էր բացվել, և նրանք ստիպված էին եղել դադարեցնել օպերացիան։
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը՝ երեկ Սիրիայում գրանցվել են 2012թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկած խաղաղ կարգավորման ծրագրի իրագործումից հետո ամենամեծ թվով զոհեր։ Նշվում է 104 խաղաղ բնակչի, 10 ապստամբի և կառավարական ուժերի 54 ներկայացուցչի մահվան մասին։








































