Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ալեխանդրո Խարան անհանգստացած է Ռուսաստանի կողմից պրոտեկցիոնիզմի հնարավոր դրսևորումներով` իր սեփական տնտեսությունը պաշտպանելու համար ԱՀԿ մուտք գործելու պայմանագրի ստորագրումից հետո: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», այս մասին նա ասել է այսօր Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
«Մեզ շատ է անհանգստացնում պրոտեկցիոնիզմի միտումը: ԱՀԿ-ին Ռուսաստանի մոտենալուն զուգընթաց մենք տեսնում ենք, որ մամլում այդ կապակցությամբ շատ գաղափարներ ու առաջարկներ են հնչում: Տվյալ տեղեկատվությունն անբարենպաստ ֆոն է ստեղծում», – ասել է Խարան «Եվրասիական տնտեսական ինտեգրում. պատուհան դեպի նոր համաշխարհային տնտեսություն» քննարկման ժամանակ:
Նա նաև նշել է, որ ուշադիր հետևում է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև մաքսային միության ձևավորման գործընթացներին:
Նրա կարծիքով` մոդելը, որն ընտրել են այդ երկրները, ունի չափազանց դժվար ձև: «Չնայած մաքսային միություն ստեղծելու ահռելի փորձերին` հաջողությունը եղել է վերին աստիճանի սահմանափակ»,- ընդգծել է Խարան:
Հիշեցնենք, որ ԱՀԿ մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը Ռուսաստանը պետք է ավարտի մինչև հուլիսի 23-ը:










































