Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն Երևանում մեկնաբանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը.
«Կարծում եմ, որ դա ցեղասպանություն էր: Կարելի է հարցադրում անել. եթե սպանում ես 2 միլիոն մարդու, ապա ինչպե՞ս կարելի է անվանել այն: Դա բարդ հասկացություն է, որը պարունակում է ծանր մեղադրանք: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի հակազդեցությունը կարող է պայմանավորված լինել տվյալ փաստի ըմբռնման վտանգով:
Թուրքիայի կառավարությունը կարող է քայլ անել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ընդ որում՝ ելնելով սեփական շահերից: Սակայն ներողություն խնդրելը հեշտ չէ, իսկ ներելն ավելի բարդ է:
Ֆրանսիայում և այլ երկրներում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծերի նախաձեռնումը չի սահմանափակում խոսքի ազատությունը: ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և այլ երկրներ նախաձեռնում են այդպիսի օրենքների ընդունում՝ դրանով իսկ փորձելով ստիպել Թուրքիային՝ ճանաչել տեղի ունեցածը: Սակայն եթե անգամ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ձեռք բերվի համաձայնություն, ապա երկու ժողովուրդների հարաբերությունները կմնան խնդրահարույց:
Ներկայիս Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցում այլևս չկա նախկին տեղեկատվական շրջափակումը: Օրինակ՝ եթե 10 տարի առաջ թուրք ուսանողները հարցեր էին տալիս Հայոց ցեղասպանության եղելության շուրջ, ապա ներկայումս նրանց մոտ չեն առաջանում այդպիսի հարցեր: Չնայած դրան՝ Թուրքիայում դեռ ողջունում են Հայոց ցեղասպանության հերքման վերաբերյալ առանձին գիտնականների կատարած աշխատանքները»:








































