Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է թուրքական մամուլի կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի 8-րդ նախագահ (1989-1993) Թուրգութ Օզալին սպանողը գտնվում է Ադրբեջանում և նրա անունն է Հասան Ալիօղլու.
«Ես չեմ բացառում, որ Թուրգութ Օզալին կարող է թունավորած լինեն Ադրբեջանում: Ադրբեջանի տվյալ ժամանակվա (1992-1993) նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը շատ մոտ էր թուրք ազգայնականների առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի հետ, որը կոշտ ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել Թուրգութ Օզալի նկատմամբ:
Այդ ժամանակ Թուրգութ Օզալն ավարտել էր Միջին Ասիայի թյուրքական երկրներ կատարած իր շրջագայությունը և ժամանել էր Բաքու: Օզալի գնալուց հետո Իսքենդեր Համիդովը հեռացվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից: Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը Քարվաճառի (Քելբաջար) շրջանի անկումն էր: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Համիդովի հեռացման պատճառը բարեկամ Թուրքիայի նախագահի հասցեին նրա արած անպարկեշտ հայտարարությունն էր:
Սակայն հետագայում Համիդովը շարունակ պնդում էր, որ ինքն է հրաժարական տվել՝ հակառակ Էլչիբեյի ցանկության, որը ոչ մի կերպ չի ցանկացել բաց թողնել իր հավատարիմ համակրին: Էլչիբեյն այդ հարցում զիջման է գնացել միայն այն բանից հետո, երբ նախարարը բարձրացրել է 5-րդ հարկում գտնվող նախագահական կաբինետի պատուհանի վրա և սպառնացել է ցած նետվել, եթե պետության ղեկավարը չընդունի իր հրաժարականը:
Այնպես որ, ես չեմ բացառում, որ այստեղ առկա են բազմաթիվ մութ պահեր, որոնք պետք է հետաքննվեն»:
Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին: 1993 թվականի ապրիլի 4-ին նա սկսում է իր թյուրքական շրջագայությունը, որը տևում է 11 օր և ավարտվում է ապրիլի 15-ին (մահվանից երկու օր առաջ): Օզալն իր թյուրքական շրջագայությունը սկսում է Միջին Ասիայի թյուրքալեզու 4 երկրներից (Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և այն ավարտում է թյուրքալեզու 5-րդ երկրում՝ Ադրբեջանում:









































