Քիչ առաջ հանրապետությունում մենարկեցին հերթական միասնական քննությունները «Ֆիզիկա» առարկայից։ Այս քննությանը մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 3392 դիմորդ: Չորս քննակենտրոն է գործում Երևանում, մեկական քննակենտրոններ են ձևավորվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, երկու քննակենտրոն է գործում ԼՂՀ-ում և Սյունիքի մարզում։
Այս պահին ԵՊՀ ֆիզկուլտուրայի ամբիոնում ձևավորված 2 քննակենտրոններում թեստերի ծրարների հանդիսավոր բացման արարողությանը հետևեց թեստերի բաժանումը և քննության մեկնարկը: Քննության մասնակցելու հայտ ներկայացրած 356 դիմորդներից քննությանը մասնակցում է 331-ը, կա 25 բացակա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ-ում գործող ֆիզիկայի քննակենտրոնի ղեկավար, թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն, ԳԹԿ ներկայացուցիչ Նելսիկ Էլոյանը: Ըստ նրա՝ 25 բացականերն արդեն վերջնական են, որովհետև թեստերը բացելուց հետո սրահ ոչ մի դիմորդ չի կարող մուտք գործել։
Նելսիկ Էլոյանի խոսքով՝ քննության մեկնարկը հանգիստ է: Քննակենտրոնի ղեկավարն ասաց, որ վիճակագրությունն այսպիսին է՝ եթե երեք ժամ քննություն է, ուրեմն առաջին երկու ժամը հանգիստ են աշխատում, այսինքն՝ ինչ գիտեն, այդքանն անում են, որից հետո սկսում են աշխուժանալ, քանի որ արդեն գիտեն, որ չգիտեն մնացած հարցերը, փորձում են իրարից ճշտել, արդյունքում առաջանում է շարժ և այլ դիմորդների աշխատանքին է խանգարում։ «Մենք կոչված ենք դա արգելելու »,- եզրափակեց իր խոսքը Նելսիկ Էլոյանը:
Մինչ քննության մեկնարկը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց դիմորդներից ոմանց հետ, որոնց մտահոգությունը թեստերի բարդությունն է: Նրանք հույս հայտնեցին, որ թեստերը կլինեն դյուրին և քննությունը կանցնի հեշտ մթնոլորտում:
Նշենք, որ հունիսի 1-ից մինչ այս պահն անցկացվել են կենսաբանության, ընդհանուր պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի և հայ գրականության, մաթեմատիկայի, օտար լեզուների և ռուսաց լեզվի քննությունները:








































