Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կարող է սկանդալ առաջանալ՝ «Յաhշի Ջազիբե» սերիալի պատճառով, որի հեղինակները ֆիլմի հիմնական հերոսուհուն՝ ադրբեջանուհի Ջազիբեին ներկայացրել են բացասական ֆոնի ներքո:
Սերիալի վերջին սերիայում հերոսուհին ներկայացվում է որպես խարդախ, ով ամուսնանում է մի քանի երկրներում՝ խաբելով իր ամուսիններին: Սա սոցցանցերում զարմանքի ալիք է բարձրացրել ադրբեջանցիների շրջանում, որոնք ֆիլմի հեղինակներին մեղադրում են ադրբեջանցի կնոջ կերպարը սխալ ներկայացնելու մեջ:
Սցենարիստ Գանի Մուժդեն փորձել է արդարանալ Twitter-ում. «Այդպիսի ավարտն անակնկալ էր նաև բուն նկարահանող խմբի և դերասանների համար: Մենք պլանավորել էինք, որ վերջին սերիայում Ջազիբեն երեխա կունենա: Սակայն դերասանուհի Ասլըհան Գյուրբուզը (Ջազիբե) չներկայացավ վերջին սերիայի նկարահանումներին: Մենք էլ ստիպված եղանք վերափոխել նրա կերպարը և ներկայացնել բացասական ֆոնի ներքո: Ես եմ նրան ստեղծել, ես էլ սպանեցի նրան»:











































