Սիրիայի իշխանությունների գործողությունները կարող են գնահատվել որպես մարդկության դեմ հանցագործություն: Աս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Պիլայը:
«Սիրիայի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ծանր սպառազինության կիրառումը և բնակավայրերի գնդակոծությունը, քանի որ այդպիսի գործողությունները կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն և հնարավոր ռազմական հանցագործություններ»,- ասել է Պիլայը՝ բացելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանը: Նա նաև կոչ է արել «միջազգային հանրությանը արագ հաղթահարել բոլոր տարաձայնությունները և աշխատել բռնության դադարեցման ու սիրիացի ժողովրդի հանդեպ մարդու իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ»: «Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի պատժենք բոլոր հանցագործներին, այդ թվում՝ նրանց, ովքեր հարձակում են գործել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների վրա»,- ասել է Պիլայը:
Սիրիայում տիրող իրավիճակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բացվող նստաշրջանի օրակարգի հիմնական կետերից մեկն է: Հունիսի 27-ին խորհրդի 27 անդամ երկրների ուսումնասիրությանը կներկայացվի Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հարցերով հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովը պետք է ներկայացնի Սիրիայի Հուլա բնակավայրում մայիսի 25-ին ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության քննության տվյալները:









































