Ճապոնիայի էներգետիկ ընկերությունները 4.4 տրլն իենի (մոտ 55 մլրդ դոլար) վնաս կկրեն, եթե կառավարությունը որոշի մինչև գալիք տարվա մարտ ամիսը ապամոնտաժել երկրում գոյություն ունեցող բոլոր 50 էներգետիկ ատոմային ռեակտորները: Այսպիսի տվյալներ է հրապարակել Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ատոմակայաններից հրաժարվելու դեպքում սնանկ կհայտարարվեն էներգետիկ 10 ընկերություններից 4-ը, այդ թվում՝ ամենախոշոր՝ Tokio Electronic Power-ը:
Նախկինում ատոմակայաններն ապահովում էին Ճապոնիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 30%-ը: «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում 2011 թ. տեղի ունեցած վթարից հետո դրանք մեկը մյուսի հետևից փակվել են ստուգման նպատակով, իսկ տեղի իշխանությունները դրանց աշխատանքները վերսկսելու թույլտվություն չէին տալիս: Շաբաթ օրը Ճապոնիայի կառավարությունը բարդ որոշում կայացրեց՝ հուլիսին վերականգնել կանգնեցված ատոմային էներգաբլոկների աշխատանքները երկրի արևմուտքում: Սակայն դա, ինչպես ենթադրվում է, այս տարի արդեն չի լուծի էներգիայի պակասի խնդիրը:
Ճապոնիան այժմ ամբողջությամբ անցել է ջերմակայանների, որոնք աշխատում են գազով, մազութով և ածուխով: Արդյունքում, այդ տեսակի վառելիք գնելու համար տարեկան ծախսը կարող է աճել 3.1 տրլն իենով (39 մլրդ դոլար):







































