Երբ մոտենում էր 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, և դրա շեմին ձևավորվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հասարակության մեջ ակտիվորեն գեներացվում էր այն մտայնությունը, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ ստեղծված ուժ է, որի նպատակն է խորհրդարանում հաստատել ԲՀԿ մեծամասնությունը:
Եվ այս մտայնությունն ամենևին կեղծ գեներացիայի չէ, որ ենթարկվում էր: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում էր Հայաստանի ամենաբազմանդամ կուսակցությունը լինելու, 400 հազար անդամ ունենալու մասին: Իսկ դա ինքնաբերաբար ենթադրում էր, որ կուսակցությունը ներկայացնում է խորհրդարանի ընտրությանը հաղթելու հավակնություն:
Իսկ նաև այն, որ ԲՀԿ անունը կապվում էր այդ ժամանակ նախագահ եղած Ռոբերտ Քոչարյանի հետ, ակնհայտ էր դարձնում, որ ԲՀԿ առաջատարության հավակնությունն ամենևին էլ մտացածին չէ: Ավելին` այդ նախագիծը Ռոբերտ Քոչարյանը կարծես թե առաջ էր մղում դեռևս 2005 թվականի Սահմանադրության հանրաքվեից, երբ որոշակիորեն ընդլայնվեցին թե՛ վարչապետի, թե՛ խորհրդարանի մեծամասնության լիազորությունները: Դրանից հետո, խորհրդարանի մեծամասնություն ունենալու պարագայում, ԲՀԿ-ն, 2008 թվականի նախագահի ընտրությամբ եզրափակելով ընտրական ցիկլը, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո թերևս աներկբայորեն առաջադրելու էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ:
Այսինքն` Հայաստանում կարծես թե հյուսվել էր այն սցենարը, որը որոշակի տարբերություններով, բայց առանցքային մասի նմանությամբ իրականացվեց Ռուսաստանում` պաշտոնաթող Պուտինը դարձավ վարչապետ: Բայց, ինչպես գիտենք, ինչպես ինչ-որ առումով տեսանք, իսկ որոշ առումով էլ չտեսնվեց, բայց հասկացանք, Հայաստանում այդ պլանները կիսատ մնացին և «Բարգավաճ Հայաստանը», որն ընդհուպ 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանի ընտրության օրը տեղամասերում մինչև կեսօր նույնիսկ ֆիզիկապես կռիվ էր տալիս ՀՀԿ կեղծարարների դեմ, մայիսի 12-ի կեսօրից հետո հանկարծ սկսեց նահանջել, և դրության լիիրավ տերը դարձավ «Հանրապետականը»: 400 հազար անդամի մասին հայտարարող «Բարգավաճին» գրեցին ընդամենը 200 հազար ձայն` դնելով այդ տարբերությունը բացատրելու անհարմար իրավիճակի առաջ, և դրանով, ըստ էության, ևս մի հարված հասցնելով շռնդալից կերպով արենա մտած միավորին, որը ինչպես հետո պարզվեց, նույնիսկ սեփական անդամներին չի կարողացել կարգին հաշվել և տիրապետել հաշվել:
Ըստ երևույթին, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Պուտինը կարողացավ ընդամենը իր վարչապետության հարցը լուծել, իսկ Ռոբերտ Քոչարյանին վարչապետություն ապահովելու համար այլևս նրան «ուժ» չմնաց, քանի որ ակնհայտ է, որ դրա համար Պուտինը պետք է ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտում, այլ նաև Վաշինգտոնում և Բրյուսելում ջանք թափեր:
Հայաստանը նոր`2012-2013-ի ընտրական փուլում է: ԱԺ ընտրություններից գոնե մեկ տարի առաջ արդեն հասունանում էր ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունը: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը դեռ անցյալ տարի հայտարարում էր, թե եթե ՀՀԿ-ն ցանկանա, կթուլացնի ԲՀԿ-ին: Նույն ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ հայտարարում է, որ ներկայիս տարակարծությունները ներքևներում են միայն, իսկ վերևները գործակցում են հաջողությամբ: Ակնհայտ է, որ ի տարբերություն 2007 թվականի, «Բարգավաճ Հայաստանն» այժմ փորձեց բավական զգուշավոր, բայց Օսկանյան-Քոչարյան տանդեմի բերանով զերծ չմնալ ՀՀԿ հետ ուղիղ հակադրությունից: Եթե նախկինում ԲՀԿ-ն որևէ մակարդակում չէր ցանկանում դրսևորել կոնկրետ դժգոհություն ՀՀԿ-ից, ապա այժմ իրավիճակը բոլորովին այլ է: Եթե ընդամենը շաբաթներ առաջ ընդգծվում էր ֆունդամենտալ տարաձայնությունների բացակայության և կոալիցիոն գործընկերության անխախտ լինելու մասին, ապա այժմ իրավիճակի դրամատիկ փոփոխություններ են նշմարվում՝ նկատի առնելով Օսկանյանի գլխավորած Civilitas-ի «կեղտոտ» փողերի լվացման հետ հայտնի պատմությունը: Տպավորությունն այն էր, որ 2007-ի դառը օրինակը «Բարգավաճ Հայաստանին» պետք է հուշեր ֆալստարտ չտալ և ժամանակից շուտ պայքարի մեջ չմտնել ՀՀԿ հետ: Մինչդեռ ՀՀԿ-ի, իսկ ավելի շուտ հենց Սերժ Սարգսյանի համար, թերևս, շատ կարևոր էր դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ հետ «մենամարտել» և այն շահել մինչև ընտրաշրջանի մեկնարկը, քանի որ այդ ժամանակ արդեն մենամարտ կարող էր և չստացվել:
Ընտրաշրջանի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանի համար խիստ անցանկալի էր սուր հակադրության մեջ մտնել «Բարգավաճ Հայաստանի» հետ: Նախ` դա կվկայեր այն մասին, որ ընտրության շեմին իշխանության կենտրոնը չի տիրապետում իրավիճակին և ազատություն են ստացել ներիշխանական հակասությունները: Օրինակ` նույն վտանգը կար 2007 թվականին, երբ նույնիսկ ընտրության օրը այդ հակասությունները ազատորեն դրսևորվում էին: Խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, ներիշխանական հակասությունների դրսևորումը կարող է, ըստ էության, լուրջ հարված լինել նախագահական ընտրական պրոցեսում իշխանական համակարգի «աշխատունակությանը»: Իսկ մինչ այդ էլ ԲՀԿ-ին վերջնականապես «չզինաթափելու» պարագայում Սերժ Սարգսյանը հայտնվում է լուրջ վտանգի տակ, երբ նախագահական ընտրական շրջանում հենց «Բարգավաճ Հայաստանը»՝ ի դեմս Օսկանյան-Քոչարյանի կարող է իշխանության հանդեպ փորձել խաղարկել ներիշխանական հակասությունների հանգամանքը` փորձելով ՀՀԿ-ից այդ խաղարկման կամ շանտաժի գնով առնվազն հետ բերել գոնե մի մասը այն ամենի, ինչ կորցրեց 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությանը: Այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանին, թերևս, չի մնա ոչինչ, քան ԲՀԿ՝ իմա Քոչարյանի հետ պայմանավորվելը:
Մինչդեռ «Հանրապետականի» պլանների մեջ դա կարծես չի մտնում: Մոտ մեկ տարի առաջ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարում էր, որ գալիք խորհրդարանական ընտրությանը ՀՀԿ-ն բազմապատկելու է իր ունեցածը: Բայց իր ունեցվածքը բազմապատկեց ԲՀԿ-ն՝ նախորդ ընտրություններում ստացած 200 հազար ձայնը հասցնելով 450 հազարի: Դրանից բացի, դեռ 2009 թվականին հանդես գալով ՀՀԿ համագումարում, հայտարարեց, թե «ՀՀԿ-ն քաղաքական առաջնորդողից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդողի»: Տպավորություն է, որ ԲՀԿ-ին կոալիցիայից դուրս թողնելն ու նրա նկատմամբ մեկնարկող քաղաքական հաշվեհարդարը կարող է հենց այդ ծրագիրն իրականացնելուն ուղղված լինի՝ ՀՀԿ ճանապարհից ոչնչացնելով ոչ միայն ընդդիմադիր հակառակորդներին այլև արդեն նախկին «յուրայիններին»: Ընդ որում` հռչակված նպատակի ուղղությամբ շարժվելու համար ՀՀԿ-ն առաջինը անցնավ հենց յուրայինների վրայով: Դա արդեն ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ ֆիզիկայի օրենքի թելադրանքն է:









































