Forbs ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը, որն արդեն 6-րդ տարին անընդմեջ գլխավորում է բրազիլացի մոդել Ժիզել Բունդխենը: Վերջին 12 ամիսներին նա աշխատել է շուրջ 45 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 31-ամյա սուպերմոդելը համագործակցում է Versace, Esprit, Pantene բրենդների, ինչպես նաև աշխարհում սանդալների առաջատար արտադրող բրազիլական Grendene ընկերության հետ, որը ֆիրմային կոշիկներ է թողարկում Ipanema անվան ներքո: Վերջերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ աշխարհի ամենահարուստ մոդելն ու նրա ամուսինը՝ ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեյսին, սպասում են երկրորդ երեխային:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 38-ամյա բրիտանուհի Քեյթ Մոսսը, որը 2011-ի մայիսից մինչև 2012-ի մայիս աշխատել է 9,2 միլիոն դոլար: 3-րդ պատվավոր տեղում է 30-ամյա ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան (8,6 մլն դոլար): Վերջինս հանդիսանում է Calvin Klein-ի և Guerlain-ի դեմքը, ինչպես նաև հագուստի սեփական արտադրություն ունի:
4-րդ տեղում է Victoria’s Secret-ի դեմքը հանդիսացող 31-ամյա բրազիլացի մոդել Ադրիանա Լիման (7,3 մլն դոլար): Լիմային հաջորդում են նույն բրենդը ներկայացնող հոլանդուհի Դաուտցեն Կրեզը և բրազիլուհի Ալեսսանդրա Ամբրոսիոն՝ համապատասխանաբար 6,9 և 6,6 մլն դոլար եկամուտով: 7-րդ տեղում է ավստրալուհի Միրանդա Քերրը (4 մլն դոլար), 8-րդում՝ դանիացի Լարա Սթոունը (3,8 մլն): Նրանց հետևում է ամերիկուհի Քերոլայն Մերֆին (3,5 մլն): Տասնյակը եզրափակում է ամենաերիտասարդ հարուստ սուպերմոդել՝ 23-ամյա հարավաֆրիկացի Քենդիս Սեյփոլը (3,1 մլն դոլար):
Մեկ տարում 10 մոդելների աշխատած գումարը կազմում է 100 մլն դոլար:










































