ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացատրել է, որ երկրի Ներքին անվտանգության նախարարության որոշումը` թույլատրել ԱՄՆ-ում մնալ մանկական տարիքում երկիր բերված անօրինական ներգաղթյալներին, կրում է ընդամենը ժամանակավոր բնույթ ու կոչ է արել Կոնգրեսին արագ ընդունել օրինագիծ նման ներգաղթյալների մասին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ` հունիսի 15-ին, ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն հայտարարել էր ներգաղթի մասին օրենսդրության մեջ այն ներգաղթյալների կողմից վաղուց սպասված մեղմացման մասին, որոնք երկիր էին տեղափոխվել փոքր տարիքում:
Ներգաղթյալներին կթույլատրվի մնալ ԱՄՆ-ում, եթե նրանք համապատասխանեն 5 չափանիշների` եթե երկիր են եկել մինչ 16 տարին լրանալը, բնակվել են ԱՄՆ-ում 5 տարի շարունակ, հիմա սովորում են կամ դպրոցում, կամ այն ավարտել են, ստացել միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ կամ համարվում են պաշտոնաթող զինծառայող, չեն կատարել ոչ մի իրավախախտում ու նրանց տարիքը չի գերազանցում 30-ը:
«Թույլ տվեք բացատրել: Դա համաներում չէ: Դա իմունիտետ չէ: Դա քաղաքացիություն ստանալու ճանապարհ չէ: Դա հարցի լուծում չէ: Դա ժամանակավոր միջոցառում է, որը մեզ թույլ կտա մեր ռեսուրսներն ավելի նպատակային օգտագործել` հույս տալով տաղանդավոր, էնտուզիազմով լի, հայրենասեր մարդկանց»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը Կոնգրեսին կոչ է արել ընդունել DREAM Act օրինագիծը:
Օբամայի այսօրվա հայտարարությունը ևս մեկ նախընտրական քայլ է, որով նա հույս ունի ստանալ իսպանալեզու բնակչության աջակցությունը:









































