Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հրաժարվել է դադարեցնել Ալեքսեյ Սպիրիչևի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում է «ՅՈՒԿՕՍ-ի գործի» շրջանակում խարդախության ու հարկերից խուսափելու մեջ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Սպիրիչևի փաստաբան Սերգեյ Կուպրիյչենկոն միջնորդություն էր ներկայացրել` խնդրելով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով:
«Սպիրիչևի դեմ մեղադրանքներն ամբողջությամբ չհիմնավորված են: Խնդրում եմ դադարեցնել քրեական գործը»,- ասել է փաստաբանը:
Սպիրիչևը մեղադրվում է շուրջ 9 մլրդ ռուբլու հարկերից խուսափելու մեջ:
Հետաքննության կարծիքով` 1998-2001 թթ. Միխայիլ Խոդորկովսկու ու Պլատոն Լեբեդևի ղեկավարությամբ նա ձևակերպել է փաստաթղթեր, որոնք ոչ ճշգրիտ տեղեկություններ են պարունակել ՅՈՒԿՕՍ-ից կախվածության մեջ գտնվող կեղծ` գոյություն չունեցող ընկերությունների գործունեության վերաբերյալ:







































