ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար, դեմոկրատ Կառլ Լևինը Բարաք Օբամայի ադմինիստրացիային կոչ է արել միջուկային զինանոցի զանգվածային կրճատում կատարել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Լևինը նման հայտարարությամբ հանդես է եկել հունիսի 15-ին: Նրա խոսքով` երկրի ադմինիստրացիան պետք է մտածի այն մասին, որ նախատեսվածից ավելի կրճատի մարտագլխիկների թիվը, որը նախատեսված է ռուս-ամերիկյան` միջուկային զինատեսակների կրճատման պայմանագրով:
Լևինը կարծում է, որ ամերիկյան միջուկային զինանոցը պետք է հավասարեցվի միջուկային պատերազմի վտանգին ու ռազմական բյուջեի կրճատմանը:
Լևինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ համաձայն է Global Zero կազմակերպության (պայքարում է միջուկային զենքի լիակատար ոչնչացման համար) վերջին ուսումնասիրությունների հետ: Զեկուցման հեղինակներից մեկն ԱՄՆ միջուկային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Քարթրայթն էր, որը Վաշինգտոնին կոչ էր անում կրճատել մարտագլխիկների ընդհանուր թիվը` յուրաքանչյուր կողմի համար հասցնելով մինչև 900-ի: Այդ քանակությամբ զինանոցը, ըստ հաշվետվության հեղինակների՝ բավական է փոխադարձ զսպվածություն դրևորելու համար:
2012թ. փետրվարին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան երկրի պաշտպանության նախարարության հետ քննարկում է ամերիկյան միջուկային մարտագլխիկների թվաքանակի կրճատումը 1790-ից մինչև 300 միավոր: Այդ առթիվ որոշում առայժմ չի կայացվել, առաջարկվում են զանգվածային կրճատումներ:











































