Եգիպտացի զինվորականները զգալիորեն ուժեղացրել են Սահմանադրական դատարանի պաշտպանությունը, որը մի քանի ժամ առաջ երկրի խորհրդարանը ցրելու մասին որոշում է կայացրել: Շենքը գտնվում է ոստիկանների, հատուկ նշանակության ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Եգիպտոսի սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել երկրի խորհրդարանի մեկ երրորդը, իսկ նման որոշումը նշանակում է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ ցրել խորհրդարանը:
Սահմանադրական դատարանի շենքի մոտ շարունակում են մնալ մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր հայտնում են իրենց դժգոհությունը:
Ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել Եգիպտոսի ՍԴ որոշումն, ըստ որի՝ մերժվել են քաղաքական իրավունքների մասին օրենքում փոփոխությունները, որոնք ուղղված էին նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհներին քաղաքական կյանքից մեկուսացնելուն: Նման որոշումը թույլ կտա նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին պայքարել նախագահական աթոռի համար:
«Չպետք է հաշտվել նրա հետ, որ Մուբարաքի կողմնակիցները կրկին կարող են գալ իշխանության»,- ասել է ցուցարարներից մեկը: Նա նաև վստահություն է հայտնել, որ ուրբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս կգան Թահրիր հրապարակ` իրենց բողոքը հայտնելու Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների դեմ:
RIA Novosti-ի փոխանցմամբ` հրապարակում իրավիճակը դեռևս հանգիստ է:









































