Ռազմական ուղղաթիռները, որոնք, ինչպես հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանն իբր թե ուղարկում է Սիրիա, նոր չեն եղել, այլ Սիրիա են ուղարկվել վերանորոգումից հետո: Այս մասին, ինչպես հաղորդել է CBS News-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը:
Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը չի ժխտել հայտարարությունն այն մասին, որ ուղղաթիռները կարող են կիրառվել խաղաղ բնակիչների դեմ հարձակում գործելու համար: Նուլանդի խոսքերով` վերանորոգումից հետո Սիրիա են ուղարկվել երեք ինքնաթիռներ, «որոնք կարող են կիրառվել քաղաքացիներին սպանելու համար»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 12-ին հայտարարել էր, որ ինքը կասկածներ ունի, որ Ռուսաստանը ռազամական ուղղաթիռներ է առաքում Դամասկոս: Նա չի հաղորդել, թե արդյոք այդ ուղղաթիռները նոր են, թե՝ ոչ: Ընդ որում՝ Պենտագոնում նշել են, որ «չեն տեսել նման հաղորդագրություններ»:
«Ես չեմ տեսել որևէ հաղորդագրություն, որտեղ ասվում է, թե հստակ ինչ ուղղաթիռներ են ուղարկվել Սիրիա»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քարբին:









































