Ամերիկյան դրամատիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները ներողություն են խնդրել առաջին եթերաշրջանի դրվագներից մեկում Ջորջ Բուշի արհեստական գլխի օգտագործման համար: Այս մասին հաղորդում է The Wrap կայքը:
Գլուխը նկարահանվել է առաջին եթերաշրջանի 10-րդ՝ եզրափակիչ սերիայում: Դրվագը, որը կրել է «Կրակ և արյուն» անվանումը ցուցադրվել է HBO հեռուստաալիքով՝ 2011-ի հունիսի 19-ին: Այդ սերիայում տեսարան կա, որտեղ գլխավոր հերոսուհի Սանսա Ստարկը ստիպված է լինում նայել գլխատված հորը: Կադրում երևում են եվս մի քանի գլուխներ:
Առաջին եթերաշրջանի DVD տարբերակում ընդգրկված են եղել կինեմատոգրաֆիստների հետ հարցազրույցներ, որոնցում սցենարիստն ու պրոդյուսերը հայտնել էին, որ վտանգավոր տեսարանում օգտագործվել է Բուշի գլուխը: Այն գտնվում է կադրի ձախ կողմում: Նրանք խոստովանել են, որ դա քաղաքական ենթատեքստ չունի:
Ֆիլմի ստեղծողները հայտարարել են, որ Բուշի գլխի մասին չպետք է պատմեին:
– Մեք չենք ցանկանում անհարգալից գտնվել նախկին նախագահի հանդեպ և ներողություն ենք խնդրում,- հայտարարել են նրանք հեռուստաալիքի եթերում:
Սերիալը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի վրա: Հեռուստադիտողին է ներկայացվել սերիալի երկու եթերաշրջան: 2012-ի ապրիլին հաղորդվել է երրորդ եթերաշրջանի մասին:









































