Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում, ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։
Նիստում հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։
«Փաստորեն այս 2 նախագծով մենք էապես թեթևացնում ենք բեռը և ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ևս մեկ օրենսդրական նախաձեռնության՝ ուղղված խաղատների գործունեության կանոնակարգմանը։









































