«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հոգեկան շեղում ունեցող հիվանդներին ներգրավում են ոչ ծանր ֆիզիկական աշխատանքում, որը նաև աշխատանքային թերապիա է համարվում: Մասնավորապես, «ԱՄՔՈՐ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Մեղվաբուծական» ծրագրի ղեկավարը ծնունդով սիսիանցի մեղվաբույծ Վազգեն Բաբայանն է:
Վերջինս ժամանակին նևրոլոգիական խնդիրներով բուժվել է հիվանդանոցում: Հիմա նա ընտանիքով բնակվում է Կապանում: Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի խոսքով, մի բարերար է առաջին 3 մեղվաընտանիքը տվել հիվանդանոցին: Երկու տարի անց հիվանդները դարձրին 8 մեղվաընտանիք, որից հետո տեղում ծանոթանալով իրականացվող մեղվաբուծության ծրագրին, «ԱՄՔՈՐ»-ը եւս 5 մեղվաընտանիք նվիրեց:
Կազմակերպությունը ներկայումս աջակցում է հոգեբուժարանին` տրամադրելով շաքարավազ, մոմաթերթ, մեղվաբուծության համար անհրաժեշտ գործիքներ ու այլ պարագաներ: Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացրեց գլխավոր բժիշկ Արարատ Վարդանյանը, մեղվաբուծությունից մինչև օրս ստացվել է 100 կգ մեղր: Դա էլ օգտագործել են ստացիոնար բուժում ստացող հիվանդների սննդակարգում: