Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը նախատեսում է վաղը՝ հունիսի 14-ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ ունենալ Սիրիայում Քոֆի Անանի ծրագիրն իրագործելու շուրջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հեյգը վստահեցրել է, որ Սիրիան գտնվում է կործանման եզրին կամ «միջկրոնական սկզբունքով քաղաքացիական պատերազմի» շեմին:
Միաժամանակ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բրիտանական ԱԳՆ ղեկավարը նախատեսում է Լավրովի հետ հանդիպել Աֆղանստանի հարցով տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակներում, որպեսզի Ռուսաստանին համոզի օգտագործել իր ազդեցությունը սիրիական կառավարության վրա՝ Անանի ծրագիրն իրականացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան ավելացնում է Սիրիայի ընդդիմության և իրավապաշտպանների ֆինանսավորման ծավալները և նրանց այս տարի կտրամադրի 1.5 միլիոն ֆունտ սթեռլինգ օգնություն:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սիրիայում իրավիճակի համար պատասխանատվություն կրում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև նրանք, ովքեր ֆինանսավորում են զինված խմբավորումներին:











































