Ադրբեջանական դիվերսիաների դեմ որևէ էական քայլ չձեռնարկելով և բավարարվելով միայն դատապարտող հայտարարություններով՝ ՀՀ արտգործնախարարությունը ցույց է տալիս իր անզորությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական կողմի վերջին գործողությունների ֆոնին Հայաստանը պե՞տք է վերանայի իր անվտանգության համակարգը:
«Բացի Ադրբեջանի հասցեին արվող որոշակի հայտարարություններից, Հայաստանի ԱԳՆ–ն այլ բան չի կարողանում անել: Մինչդեռ հայտարարություններ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ փողոցից և անգամ Facebook-ի միջոցով: Ակնհայտ է, որ գործողություններ են անհրաժեշտ՝ հասարակությանը ցույց տալու, թե ինչ է արվում ադրբեջանական քաղաքականության «դեմն առնելու» և շփման գծում տեղի ունեցող միջադեպերը կանխելու համար»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Փորձագետի խոսքերով՝ ԱԳՆ–ի անգործությունն իր ակտիվ գործողություններով ու պահանջատիրությամբ կարող է փոխլրացնել միայն հասարակությունը: «Ուրիշ ելք չկա: ԱԳՆ–ն անպատասխանատու է գործում»,- ամփոփեց նա:







































