Շվեյցարացի կոլեկցիոներ Ուլի Սիգը չինական ժամանակակից արվեստի իր հավաքածուի զգալի մասը զոհաբերել է Հոնգկոնգի ապագա թանգարանին, որի կառուցման համար ավելի քան 21 միլիարդ դոլար է հատկացվել: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, թանգարանը կստանա ավելի քան 1400 արվեստի գործ՝ ընդհանուր 170 մլն դոլար արժողությամբ:
Ներկա պահին M+ անվամբ ժամանակակից արվեստի թանգարանը կառուցված չէ: Բացումը նախատեսված է 2017-ին: Թանգարանի ճարտարապետական նախագծի մրցույթը կսկսվի 2012-ի օգոստոսին:
Ապագա թանգարանի գործադիր տնօրեն Լարս Նիտվեի խոսքով՝ սովորաբար թանգարանի շենքը կառուցվում է, որից հետո միայն մտածում են հավաքածուի մասին, սակայն այս դեպքում հակառակը տեղի ունեցվավ, ինչը վկայում է նախագծի հանդեպ բարձր վստահության մասին:
Սիգը թանգարանին է տրամադրել չինական արվեստի հավաքածուն, որը նա ստեղծել է անցած դարի 70-ականներից մինչ օրս: Թանգարանում կընդգրկվի ևս 47 աշխատանք (1970-1980թթ), սակայն դրանց համար թանգարանը կվճարի 23 միլիոն դոլար:
Նախկինում Ուլի Սիգը զբաղեցրել է Չինաստանում Շվեյցարիայի դեսպանի պաշտոնը: Նրա՝ չինական ժամանակակից արվեստի հավաքածուն ամենամեծն է աշխարհում: Այնտեղ կան Այ Վեյվեյի, Չժան Սյաոգանի, Ֆան Լիցզյունի և այլ հայտնի նկարիչների կտավներ:









































