1878թ. այս օրը սկսվեց Բեռլինի միջազգային համաժողովը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով:
Համաժողովը տևեց մինչև հուլիսի 13-ը: Մասնակից պետություններն էին Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան:
Այն ավարտվեց փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով: Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:
Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված` 61-րդը: Հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին:
Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար: Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «հայկական մարզեր» և «հայաբնակ վայրեր» բառակապակցություններով, այսինքն` օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից:
Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային:









































