Խարկովում ոստիկանության 23-ամյա տեսուչը փրկել է շաքարային դիաբետով հիվանդի կյանքը: Այս մասին հայտնում է Сегодня-ն:
Պարբերականի տվյալներով՝ տեսուչ Վասիլի Մաքսիմենոկոն նկատել է, որ փողոցով քայլող տղամարդը հանկարծակի ընկել է: Անցորդները նրան ուշադրություն չեն դարձրել՝ ենթադրելով, որ պարզապես հարբած է: Մոտենալով նրան՝ Մաքսիմենկոն հասկացել է, որ տղամարդը առողջական խնդիրներ ունի: Վերջինս ասել է, որ իր «շաքարն ընկել է»:
Ակնհայտ է, որ խոսքը եղել է հիպոգլիկեմիայի նոպայի մասին, որն առաջանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման դեպքում: Դա կարող է հանգեցնել գիտակցության կորստի: Որպես առաջին բուժօգնություն՝ հիվանդին պետք է հյութ կամ քաղցր թեյ խմեցնել, մի կտոր շաքար տալ և այլն:
Արագ կողմնորոշվելով՝ տեսուչը խանութից պաղպաղակ է գնել և հրամցրել հիվանդին: Քաղցրն օգնել է նրան ուշքի գալ:
Երբ հիվանդն արդեն ոտքի է ելել, նա դիմել է ոստիկանություն՝ իր փրկչին խրախուսելու խնդրանքով: Իմանալով կատարվածի մասին՝ ղեկավարությունը տեսուչին պարգևատրել է:











































